Պարիս Հերունին և իր ռադիոօպտիկական դիտակը

Պարիս Միսակի Հերունի – հայազգի ականավոր ֆիզիկոս-ճարտարագետ, ռադիոտեխնիկական համակարգերի, ռադիոֆիզիկայի, ռադիոտեխնիկայի, ռադիոչափումների, ռադիոաստղագիտության և ռադիոհոլոգրաֆիայի ոլորտներում։
Հրապարակել է շուրջ 340 գիտական աշխատություն և 3 մենագրություն ‌։
Ուսումնասիրություններ է կատարել նաև հնագիտական աստղագիտության ոլորտում։ Նա երկրագնդի տարբեր կետերում գտնվող 4 աստղադիտակների միջոցով հետազոտել է Զորաց քարերը (Սյունիքի մարզում) և եզրահանգել, որ այն ավելի քան 7․500 տարվա պատմություն ունեցող աստղադիտարան է։

Ռադիոօպտիկական դիտակ ՌՕԴ-54/2.6-ի նախագծումն ու շինարարությունը մեկնարկեց 1980 թվականին: Դիտակի կառուցման վայրը պատահական չէր ընտրված: Պարիս Հերունին, դեռ շատ տարիներ առաջ ունենալով ռադիոդիտակ կառուցելու գաղափարը, երկար ժամանակ փնտրել էր այն կառուցելու գիտականորեն նպատակահարմար վայրը, և վերջապես որոշել էր, որ Արագածի հարավային լանջին պետք է լինի:

Հարկ է նշել, որ նման ծավալի գիտական շինարարությունը հազվադեպ հանդիպող երևույթ էր ոչ միայն Խորհրդային Հայաստանում, այլև ամբողջ ԽՍՀՄ տարածքում:

ՌՕԴ-54/2,6 մեծ անտենայի պարամետրերը գերազանցում են աշխարհի մնացած շատ այլ անտենաների պարամետրերը, հատկապես միլիմետրանոց ալիքների տիրույթում։ Սա աշխարհում ամենաճշգրիտ մեծ անտենաներից մեկն է։ Սարքի առանձնահատկությունն այն է, որ միլիմետրանոց ալիքները որսում է շատ պարզ՝ իր սեփական աղմուկի գերցածր լինելու շնորհիվ։ Դա նշանակում է, որ հեռավոր տիեզերքից պատահական աղմուկը` աղավաղված արբանյակի արգելքներով, «այլմոլորակայինների ուղերձի» փոխարեն ընդունելու վտանգը չափազանց ցածր է, քանի որ, որքան ցածր է աստղադիտակի սեփական աղմուկը, այնքան մաքուր է ընդունվող ազդանշանը։

Մեկ այլ հետաքրքիր բացահայտում տեղի ունեցավ արդեն դիտակի համալրման աշխատանքների ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ դիտակի անտենայի կենտրոնով անցնող հյուսիս-հարավ միջօրեականն անցնում է ուղիղ Տեղերի Սուրբ Աստվածամոր վանքի գմբեթի խաչով: Տեղի բնակիչներն էլ, իրենց հերթին, սկսեցին լեգենդներ հորինել, որ Պարիս Հերունիի «տիեզերական անտենային» հաջողվել է մեր մոլորակից դուրս կյանք գտնել:

Աստղագիտության ոլորտում ռադիոօպտիկական դիտակի անտենայի բարձր ճշգրտությունը եւ ընձեռած հնարավորությունները միջազգային գիտական ասպարեզում լայն հետարքրքություն առաջացրին: Դիտակը շարունակեց գործել նաև Հայաստանում 90-ականների էներգետիկ ճգնաժամի և հովհարային անջատումների պայմաններում, սակայն 2000 թվականից սկսած, անհրաժեշտ ֆինանսավորման բացակայության պատճառով, այն չի աշխատում, թեև աշխատունակ է և շարունակում է մրցունակ մնալ միջազգային ասպարեզում:

Աղբյուրներ՝
https://1inlur.am/2020/04/15/gitakan-hskan/
https://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%A1%D6%80%D5%AB%D5%BD_%D5%80%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *