Փավստոս Բուզանդը Փառանձեմ թագուհու մասին

Հատվածներ Փ․ Բուզանդի «Հայոց պատմություն» երկից

Երբ Գնելը բանակի մեջ մտավ, թագավորին իմաց տվին նրա գալուստը։ Ապա արքունիքից հրաման տրվեց’ բանակից դուրս պահել նրան և տանել սպանել։ Եվ մինչ նա ձի հեծած անցնում էր բանակի միջով և մոտենում էր արքունի հրապարակին, այդտեղ արքունիքից վրա են հասնում բազմաթիվ սպասավորներ’ զինված սրերով, նիզակներով, սվիններով, վաղրերով ու սակրերով, և ասպարակիր հետևակ զորք։ Նրանք հասան, բռնեցին Գնել պատանուն, ձիուց վեր գցեցին, ձեռքերը ետևը կապեցին և առան, տարան գլխատելու տեղը։

Նրա կինը նույն վշտի մեջ էր իր ամուսնու հետ և եկել էր ժանվարով։ Երբ տեսավ, որ իր ամուսնուն բռնեցին ու կապեցին, իսկույն վազեց եկեղեցի, որտեղ բանակի մարդկանց համար աստվածային արարողություն էր կատարվում՝ առավոտյան աղոթքը, ուր գտնվում էր նաև Ներսես Մեծ եպիսկոպոսապետը։ Կինը հասնելով եպիսկոպոսապետի մոտ՝ գուժում էր իր անմեղ ամուսնու կորուստը։ Ճիչ բարձրացրեց՝ ասելով. «Շտապի’ր, հասիր, ամուսնուս առանց մեղքի, առանց հանցանքի խողխողում են»։ (Իսկ նա) արարողությունը ընդհատելով՝ վազում է թագավորի պալատը, դռանը հասնելով՝ ներս է ընկնում թագավորի մոտ։ Իսկ թագավորը, երբ տեսավ մեծ քահանայապետին, իմանալով, որ եկել է բարեխոսելու և համոզելու, որ Գնելին չսպանի, սամուրենին գլխին քաշած, շտապով իր երեսր ծածկում է՝ խռմփացնելով՝ իբր թե քնած է, որպես թե նրա խոսքերը չի լսում։            

Գնելի սպանությունը, և Արշակի ու Փառանձեմի ամուսնությունը

Ապա հրաման տրվեց թագավորից. բանակում եղող բոլոր մարդիկ՝ մեծ ու փոքր, առհասարակ առանց բացառության, գնան կոծ անեն ու ողբան սպանված Արշակունի մեծ սեպուհ Գնելին. ոչ ոք չհամարձակվի չգնալ։ Ինքը՝ թագավորն էլ գնալով լացողների մեջ նստեց, ողբաց իր եղբորորդուն, որին ինքն սպանեց։ Գնացել նստել էր դիակի մոտ, ինքը լալիս էր և հրամայում էր լաց ու կոծը սաստկացնել սպանվածի համար։ Իսկ սպանվածի կինը՝ Փառանձեմը, զգեստները պատառոտած, վարսերը արձակած, կուրծքը բացած, կոծում էր սգատեղում, բարձր ճչում էր, աղիողորմ ողբով ու արտասուքով բոլորին լացացնում էր։ Իսկ Արշակ թագավորը լացողների մեջ տեսնում է սպանվածի կնոջը, ցանկանում է և աչք է դնում՝ իրեն կին առնելու նրան։ Իսկ նա, որ նենգությամբ այն մատնությունը արեց և դավով կատարել տվեց հարազատի սպանությունը, այսինքն՝ Տիրիթը, սաստիկ սիրահարված էր այդ կնոջը, այդ պատճառով էլ թագավորի ձեռքով նենգությամբ այդ սպանությունը կատարեց։ Արդ, երբ կոծը սաստկացած էր, Տիրիթն այլևս չէր կարողանում իր կրքերը զսպել։ Մարդ է ուղարկում մեռածի կնոջ մոտ և ասում. «Շատ էլ մի’ չարչարվիր, ես նրանից լավ տղամարդ եմ. ես քեզ սիրեցի, այս պատճառով էլ նրան մեռցնել տվի, որպեսզի քեզ կնության առնեմ»։ Արդ, մինչ բազմությունը դիակի շուրջը մոլեգնաբար կոծում էր, Տիրիթն այսպիսի պատգամ է ուղարկում։ Կինր բողոք բարձրացրեց. «Լսեցե’ք բոլորդ, իմ ամուսնու մահը իմ պատճառով եղավ, մեկը ինձ վրա աչք գրեց և ամուսնուս իմ պատճառով սպանել տվեց»։ Մազերը փետում էր, ճչում էր կոծելիս։ Երբ այս կարևոր իրողությունը բացվեց, ամենքին հայտնի դարձավ, ձայնարկուներն ևս լսեցին, բոլոր ձայնարկուները սկսեցին ողբաձայն խաղի նման երգել Տիրիթի սիրահարությունը, աչք տնկելը, մատնությունը, մահվան հնարք գտնելը, սպանությունը։ Սպանվածի վրա կոծ անելով՝ աղիողորմ ձայնով երգում էին այս բաները։ Երբ նրանց ձայները դադարեցին, իրողությունն արդեն տարածվել, հռչակվել էր։ Արշակ թագավորը երբ այս լսեց և հանգամանքներին վերահասու եղավ, զարմացավ, ապշեց մնաց, զգաստացավ եղածի վրա, ըմբռնեց իրողությունը։ Ապա սկսեց նա խոսել ձեռքերը իրար խփելով, խիստ զղջաց արածի համար և ասաց. «Որովհետև Տիրիթը անարժան սիրով սիրահարվել է Գնելի կնոջը, այս պատճառով էլ այդ չարիքը հնարեց, մատնությամբ անմեղ մահվան պատճառ դարձավ, զուր ու անտեղի մեզ էլ իր պղծության համար արդար արյունի մեջ շաղախեց, իր եղբորը կորցնել տվեց և մեզ ժառանգել տվեց սոսկալի չարիք ու անեծք, որոնք չեն անցնի»։ Երբ թագավորը հաստատապես իմացավ գործի հանգամանքները և ճշտեց իրողությունը, առժամանակ չլսելու տվեց, լռեց, սպասեց։ Եվ երբ մեռելը թաղեցին նույն տեղում, որտեղ սպանվել էր, և այս անցքի վրա բավական ժամանակ անցավ, ապա Տիրիթը պատգամավոր ուղարկեց թագավորի մոտ. «Հաճիր, արքա, և հրաման տուր, որ Գնելի կնոջը՝ Փառանձեմին, ինձ կին առնեմ»։ Թագավորն այս լսելով ասաց. «Այժմ հաստատ գիտեմ, որ լսածս ճիշտ է։ Գնելի մահը իր կնոջ պատճառով եղավ»։ Թագավորն իսկույն մտածեց Տիրիթին նույնպես սպանել Գնելի մահվան փոխարեն։ Երբ Տիրիթն այս լսեց, թագավորից ահաբեկված՝ գիշերով փախավ։ Արշակ թագավորին իմաց տվին Տիրիթի փախուստը։ Արշակ թագավորը հրաման տվեց բանակին’ հետամուտ լինեն Տիրիթին և որտեղ որ նրան հասնեն, նույն տեղում սպանեն։ Շատ քաջեր փախստական Տիրիթին հետամուտ եղան, գնացին, հասան մինչև Բասեն գավառը և անտառի մեջ տեղնուտեղը սպանեցին Տիրիթին, որտեղ հանդիպեցին նրան։ Սրանից հետո Արշակը իրեն կին առավ սպանված Գնելի կնոջը՝ Փառանձեմին։ Եվ որքան Արշակը սիրում էր կնոջը, այնքան էլ սա ատում էր Արշակ թագավորին՝ ասելով, թե մարմնով թավամազ է և գույնով թուխ։ Վերջը, երբ կնոջ սիրտը նրան չկպավ, Արշակ արքան մարդ ուղարկեց Հունաց երկիրը և այնտեղից կայսերական տոհմից խնդրեց, բերել տվեց իրեն կին Ողոմպի անունով։ Նրան ուժգին սիրով սիրեց և նրանով գրգռում էր առաջին կնոջ նախանձը։ Փառանձեմը սրտում ոխ պահեց Ողոմպիի դեմ և միջոց էր փնտրում նրան սպանելու։ Մի տարի  հետո Փառանձեմը թագավորին մի տղա ծնեց, որի անունը դրին Պապ. նրան մեծացրին, չափահաս դարձրին։ Երբ նա առույգ պատանի դարձավ, նրան պատանդ ուղարկեցին կայսեր պալատը՝ Հունաց երկիրը։ Իսկ Փառանձեմը մեծ նախանձով ու ոխով լցված էր դեպի Ողոմպին և միջոց էր որոնում՝ դեղերով նրան սպանելու, բայց չկարողացավ հնարք գտնել, որովհետև Ողոմպին շատ զգույշ էր իր անձին, մանավանդ կերակուրների և ըմպելիքների մեջ։ Նա ուտում էր միայն իր նաժիշտների պատրաստած կերակուրները և խմում էր նրանց մեկնած գինին։ Երբ ոչ մի հնարք չգտնվեց նրան մահացու դեղերով թունավորելու, ապա անօրեն Փառանձեմը իրեն դավակից դարձրեց Մրջյունիկ անունով մեկին՝ Տարոն գավառի Արշամունքից, որ այն ժամանակ արքունական պալատի երեց էր։ Անարժան, երբեք չկատարված, անջնջելի, անմոռանալի չարագործություն, հավիտենական տանջանքի արժանի, չտեսնված, Աստվածանարժան գործ կատարեց՝ կյանքի դեղի մեջ մահվան դեղ խառնելով։ Տերունական սուրբ և աստվածային մարմնի, այսինքն’ հաղորդության հացի հետ խառնեցին մահվան դեղը, և Մրջյունիկ անունով երեցը եկեղեցում Ողոմպի տիկնոջը տվեց այն մահաբեր հաղորդությունը և սպանեց։ Անօրեն Փառանձեմի ամենաչար կամքը նրա ուզածի պես կատարելով՝ այս չերեցը նրանից պարգև ստացավ Տարոնի գավառում Գոմկունք կոչված գյուղը, որտեղից ինքն էր։

Պապ արքայորդու մասին, թե ինչպես դևերը հայտնի երևում էին նրա վրա, և նրանց հետ պղծություն էր գործում 

Արշակի որդի Պապը ծնվեց սյուն Փառանձեմից, որ Գնելի կինն էր եղել, որին սպանեց Արշակ թագավորը և նրա կնոջը՝ Փաոանձեմին, իրեն կին առավ և նրանից ունեցավ որդի, որ կոչվեց Պապ։ Երբ մայրը նրան ծնեց, որովհետև անօրեն մարդ էր և Աստծուց բոլորովին երկյուղ չուներ, նրան դևերին նվիրեց, և բազմաթիվ դևեր մանուկի մեջ բնակվեցին ու նրան վարում էին ըստ իրենց կամքի։ Նա սնվեց, մեծացավ և մեղքեր էր գործում — պոռնկություն, պիղծ արվամոլություն և զազրելի, գարշելի գործեր, բայց մանավանդ արվամոլություն։ Մի անգամ երբ մայրը իմացավ, թե նա արվամոլությամբ է պարապում, չկարողանալով այդ վատանուն խայտառակության դիմանալ’ իր որդու սենեկապանին ասաց, թե երբ նա պղծության համար կպահանջի այն մարդկանց, որոնց հետ պղծությունը կատարում է, դուք ինձ ներս կանչեցեք։ Երբ պատանի Պապը անկողին մտնելով պահանջեց այդ մարդկանց պղծութան համար, մայրը ներս մտավ և որդու առաջ նստեց։ Ապա պատանին սկսեց ճչալ, բղավել և ասաց մորը. «Վեր կաց գնա՛ այստեղից, որովհետև մեռնում, խորովվում եմ, կայրվեմ, կպայթեմ, եթե այստեղից չգնաս։  Իսկ մայրն ասաց . «Ես այստեղից դուրս շեմ գա, շեմ գնա»։ Իսկ նա ավելի ու ավելի սաստկացնում էր ճչալն ու վայելը։ Իսկ մայրը նայեց ու տեսավ իր աչքերով, որ սպիտակ օձերը պատել էին բազմոցի ոտքերը և փաթաթվում էին պատանի Պապին, մինչ նա, պառկած անկողնում, բղավում էր, պահանջում էր այն պատանիներին, որոնց հետ խառնակվում էր։ Մայրը այս տեսնելով՝ հիշեց, թե ո՛ւմ էր նվիրել ինքը իր որդուն ծնած ժամանակ։ Հասկացավ, թե այն դևերն են, որ օձերի կերպարանքով փաթաթվում են որդուն։ Արտասվելով ասաց. «Վայ ինձ, իմ որդյակ, ես չգիտեի, որ դու տանջվում ես»։ Վեր կացավ, այնտեղից հեռացավ, որպեսզի Պապը ցանկությունը կատարի։ Եվ այսպես դևերից առաջնորդվելով՝ այսպիսի գործերի անձնատուր էր եղել Արշակի որդի Պապը իր կյանքի ամբողջ ընթացքում, մինչև թագավորության հասնելը, մինչև իր մահը։

Հայոց աշխարհի գերությունը, հարվածները, և ավերմունքը․ Փառանձեմ տիկնոջ գերի տարվելը Պարսկաստան և չարաչար սպանվելը։  Հայոց քաղաքների ավերմունքը և երկրի հիմնովին կործանվելը:

Այնուհետև Պարսից Շապուհ թագավորը Հայոց աշխարհ  ուղարկեց իր իշխաններից երկուսին, մեկի անունը Զիկ, մյուսինը՝ Կարեն, հինգ հարյուր բյուր զորքով, որ գան Հայոց աշխարհը քարուքանդ անեն։ Նրանք եկան Հայոց աշխարհի վրա։ Երբ Հայոց աշխարհի տիկինը’ Հայոց Արշակ թագավորի Փառանձեմ կինը, տեսավ, որ Պարսից թագավորի զորքերը լցվեցին Հայոց աշխարհը, առավ իր հետ մոտ տասնմեկ հազար ընտիր սպառազինված պատերազմող մարդիկ ազատներից և Պարսից զորքերից խույս տալով դիմեց գնաց Արտագերս բերդը Արշարունյաց գավառում։ Հետո Պարսից բոլոր զորքերը հասան, բերդի շուրջը նստեցին, պատեցին, պաշարեցին։ Իսկ նրանք ներսը ամրացան՝ հույս դնելով տեղի ամրության վրա, իսկ սրանք բանակ զարկելով նստեցին դուրսը, ձորերի շուրջը։ Այսպես տասներեք ամիս բերդի շուրջը նստեցին և չկարողացան բերդն առնել, որովհետև տեղը շատ ամուր էր։ Ամբողջ երկիրը քանդեցին, ավերեցին, դուրս էին գալիս շրջակա գավառները և երկրները ավարի էին առնում, մարդիկ և անասուններ գերելով բերում էին իրենց բանակը, ուրիշ տեղերից կենսամթերք էին բերում և ուտում՝ բերդը պաշարման մեջ պահելով։ Իսկ Պապը՝ Արշակի որդին, այդ ժամանակ Հայոց աշխարհում չէր․ նա Հունաց թագավորի մոտ էր, իսկ ազատների տոհմերից բաղկացած ամբողջ բանակը այս բաները լսելով գնաց իրենց համար օգնություն խնդրելու. նրանց զորագլուխն էր Մուշեղը՝ Վասակ սպարապետի որդին։ Նրանք գնացին իրենց արքայորդու մոտ և բանակցում էին Հունաց թագավորի հետ, նրան համոզում էին իրենց թիկունք լինել։ Իսկ Հայոց աշխարհը նրանք հաճախ սուրհանդակներ էին ուղարկում երկրի տիկնոջ’ Փաոանձեմի մոտ, որ տոկա, բերդը պաշտպանի, Պարսից ձեռքը չհանձվի։ Նրա որդուց՝ Պապի կողմից էլ հաճախակի պատվիրակներ էին գալիս շաբաթ շաբաթի վրա, գաղտնի դռնով մի հնարով բերդն էին մտնում, սիրտ էին տալիս տիկնոջը, այսպես բերդի պաշարումը տևեց տասներեք ամիս։ Իսկ պատվիրակները շարունակ դնում գալիս էին ասելով, թե  «Պի՛նդ կաց, Պապ որդիդ գալիս է և կայսերական գունդ է բերում օգնության»։ Այս քաջալերությունը երկար ձգձգվում էր, որովհետև ասում էին․ «Մի քիչ էլ, մի փոքր ժամանակ էլ համբերի՛ր, օգնությունը հասել է»։ Տասնչորսերորդ ամսից հետո աստծուց հարված հասավ բերդում ապաստանած գաղթականների վրա․ բերդում եղողների մեջ մահ ընկավ, աստվածային պատուհաս։ Փառանձեմ տիկնոջ առաջ սեղանատանը նստած ուտում-խմում, ուրախանում էին, և հանկարծ մի ժամում հարյուր մարդ, մյուսում երկու հարյուր, պատահում էր, որ մինչև հինգ հարյուր մարդ մեռնում էին, մինչ սեղան էին բազմած լինում։ Եվ այսպես օրեցօր կոտորվում էին։ Մահը սկսվելու օրից մի ամիս էլ չտևեց, որ բոլորը կոտորվեցին, մոտ տասնմեկ հազար տղամարդ և մոտ վեց հազար կին․ մի ամիս չանցավ, որ բերդում եղածները բոլորը կոտորվեցին, բերդում մնաց միայն տիկին Փառանձեմը երկու նաժիշտով։ Ապա գաղտնի կերպով բերդը մտավ ներքինի Հայր մարդպետը և տիկնոջը սաստիկ նախատեց ինչպես մի անառակի, սկսեց նախատինքներ թափել Արշակունյաց տոհմի վրա, թե վատախորհուրդ, վատն է, Հայոց աշխարհն էլ կորցրին․ «Տեղն է՝ ինչ որ ձեզ պատահեց, և ինչ որ էլի պիտի պատահի»։ Գաղտնի դուրս եկավ ու փախավ։ Իսկ տիկին Փառանձեմը տեսնելով, որ մենակ մնաց, բերդի դուռը բացեց և Պարսից զորքը թողեց բերդից ներս։ Եկան, տիկնոջը բռնեցին և բերդից իջեցրին։ Հետո Պարսից զորքերը  բերդը բարձրացան, ավար առան Հայոց թագավորի գանձերը, որ բերդում պահվում էին. բոլորը վար իջեցրին։ Ինը օր, ինը գիշեր շարունակ իջեցնում էին, ինչ որ գտան Արտագերս բերդում և տիկնոջ հետ միասին գերի քշեցին։

Փառանձեմի մահը

Երբ Փաոանձեմ տիկնոջը բերին հասցրին Պարսից աշխարհը և Հայաստանի բոլոր գերիներն ու գանձերը, Փաոանձեմ տիկնոջը թագավորի առաջ հանեցին, Պարսից թագավորը մեծ շնորհակալություն հայտնեց իր զորավարներին։ Պարսից Շապուհ թագավորը կամեցավ նախատինք հասցնել Արշակունյաց տոհմին, Հայոց աշխարհին և թագավորությանը։ Հրամայեց կանչել իր բոլոր զորքերին, իր մեծամեծներին, ստորին պաշտոնյաներին և իր տիրած աշխարհի բոլոր մարդկանց և այս բազմության մեջ բերել տվեց Հայաստանի տիկնոջը՝ Փառանձեմին։ Եվ հրամայեց հրապարակում շինել ինչ-որ սարք, որի վրա գցել տվեց տիկնոջը և արձակել նրա վրա անասնական պիղծ խառնակության համար։ Այս կերպ սպանեցին տիկին Փառանձեմին։ Ւսկ գերիների ամբողջ բազմությունը տարան բնակեցրին մի մասը Ասորեստանում, մյուս մասը՝ Խուժաստան երկրում։