Հունվար ամսվա ամփոփում

Քոլեջը մեզ շատ հաճախ տալիս է հնարավորություններ փորձելու մեր ուժերը տարբեր բնագավառներում, և այս ամիսը բացառություն չէր։ Ես առաջին անգամ անցկացրի հունվար ամիսը քոլեջում ու շատ բաներ հասկացա իմ ունակությունների մասին։ Կազմակերպվեցին դիջիթեքային ծրագրեր ու ստուգատեսներ որոնց մասնակցությունը չափազանց հետաքրքիր էր։

Նախ նրա մասին, թե ինչպես հնարավորություն ստեղծվեց դասավանդել միջին և տարրական դպրոցի երեխաներին։ Ընկերներս ընկեր Ելենայի օգնությամբ գնալու էին դասավանդելու, ու ես որոշեցի գնալ և օգնել, քանի որ որոշակիորեն տիրապետում էի Word և Excel-ին։ Սա դարձավ ինձ տրված ամենահետաքրքիր հնարավորությունը և ոչ միայն որովհետև օգնում էի երեխաներին հասկանալ նյութը, այլ նաև զգում էի ինձ ուսուցչի դերում։ Շատ հաճախ դժվար է հասկանալը գործի դժվարությունը, քանի դեռ լիովին չես առնչվում դրան։ Այսպիսի ծրագրերը կարևոր են հասկանալու համար ունակություններիդ սահմանը, համբերություն ձեռք բերելու նպատակով ու վերջիվերջո գոնե մի քանի ժամով ուսուցիչ քեզ զգալու համար։ Բացի այդ, այս ծրագրերի ուսուցումը ոչ միայն կարևոր է, որովհետև համարգչից օգտվել կարողանալը որոշակի պարտականություն է, այլ նաև դրանք նրանց հետագայում կօգնեն անել իրենց տնային հանձնարարույթունները կամ հեշտացնել գործը որոշ դեպքերում։ Կարծում եմ, որ այս ամենի շրջանակներում կուրսեցիներս և ես ձեռք բերեցինք հսկայական փորձ։ Դասընթացի ընթացքում մասնակիցները սովորեցին օնլայն Word և Excel ծրագրերը, դրանց տարբերությունը սովորական Word-ից, թե ինչ է իրենից ներկայացնում Google Drive-ը և ինչպես կարելի է դրանից օգտվել։

Բացի այս ծրագրից քոլեջը նաև հնարավորություն տվեց մասնակցելու սեմինարների՝ արհեստական բանականություն, HTML և CSS ծրագրերի ուսուցում, Illustrator ծրագրի ուսուցում։ Արհեստական բանականության դասի շրջանակներում քննարկման ընթացքում հասկացա, որ որոշակիորեն տեղյակ եմ դրանից ու հնարավորություն ունեցա սովորել ավելին ու ուսումնասիրել այն տանը որպես տնային հանձնարարություն։ HTML և CSS ծրագրերի ուսուցումը հնարավորություն տվեց վերհիշելու ամենը ու սովորելու որոշ նոր բաներ ևս։ Illustrator ծրագրի ուսուցումը ընտրել էի, որովհետև հատակապես ինձ համար, երբ սովորում եմ վեբ-դիզայն, իմանալը դրա մասին ավելին չէր խանգարի։

Հետաքրքիր էր նաև բնագիտական ստուգատեսը, որի ընթացքում ես պատրաստել եմ խաղ Scratch ծրագրով։ Ընտրել եմ հենց սա, որովհետև տարիներ առաջ խաղեր շատ էի ստեղծում ու ցանկացա վերհիշել ընթացքը։ Դժվարություն առաջացավ միայն վերջում, երբ փորձում էի ետնապատկերը փոխել ու ամեն ինչ համարյա ջնջվեց։ Երևի ամենալավ տնային աշխատանքն էր, որ ես դեռ ունեցել էի։

Բացի այդ քոլեջը նաև կազմակերպեց ձմեռային մարզական ստուգատես, ու բոլորս ճամփորդեցինք տարբեր ուղղություններով։ Ես ընտրել էի գեղասահքը, քանի որ երբեք չէի սահել ու չգիտեի ինչ էր ինձ սպասվում։ Ուրախ եմ, որ հենց սա ընտրեցի ու անհամբեր սպասում եմ մյուս անգամ սահելուն։

Հունվարի 28-ին տեղի ունեցավ նաև ազգագրական ստուգատեսը, որի ընթացքում հյուրերին ինչպես նաև մեզ հյուրասիրվեց ղափամա։ Բացի այդ բոլոր ուսանողները հնարավորություն ունեցան պարելու ու երգելու զինվորների տոնին նվիրված միջոցառման շուրջ։