Արարատ և Արագած [ԼԵԳԵՆԴ լեռների մասին]

Արարատ և Արագած

Մի ժամանակ Մասիսն ու Արագածը շատ սիրով քույրեր են լինում։ Մի օր, ինչպես է պատահում, նրանք կռվում են։ Մեկն ասում է՝ «Ես եմ լավը, ավելի բարձրը», մյուսը թե՝ «Ես քեզանից և՛ ավելի բարձր եմ, և՛ ավելի գեղեցիկ»։ Վրա է հասնում Մարութա լեռը և փորձում է հաշտեցնել քույրերին։ Տեսնելով, որ անկարող է խաղաղություն վերահաստատել, թողնում, հեռանում է և անիծում նրանց։

Չարագուշակ էր նրա անեծքը. «Թող Մասիսն ու Արագածն այնպես բաժանվեն միմյանցից, որ էլ երբեք չհանդիպեն»։ Իր հերթին Մասիսն Արագածին անիծում է, որ երբեք վիշտը դուրս չգա նրա սրտից, և արցունքը չպակասի աչքերից։ Արագածն էլ Մասիսին է անիծում, որ վշտից չորանա, աշխարհի երեսին մարդ չբարձրանա նրա կատարը, վրան մատաղ չմորթվի։ Այդպես էլ լինում է։ Արագածի գագաթին արցունքից լիճ է գոյանում, փեշերից հազարավոր աղբյուրներ են բխում։ Իսկ Մասիսը ցամաքում է, չորանում, ոչ ոք չի բարձրանում նրա գագաթը, ոչ էլ մատաղ է մորթվում այնտեղ:

Արագածի փարթամ բնությունը սկսեց գրավել բոլորին ու Արարատը նախանձեց։ Նա որոշեց օգտագործել իր ցամաք ու չոր բնությունը Արագածի դեմ։ Նա հավաքեց աշխարհի ամբողջ ձյունը իր վրա ու մարդկանց դա գրավեց։ Որոշները, ովքեր փարթամ բնություն էին սիրում, իրենց ամբողջ ժամանակը շարունակում էին անցկացնել Արագածի վրա։ Իսկ Արարատի վրա, բոլոր նրանք էին, ովքեր պաշտում էին ձյունը։ Այդպես երկու սարերը նկատեցին, որ իրար միայն օգնել էին անիծելով։ Ժամանակ անցավ, ու նրանք միայն ուրախ էին միմյանցով։ Այդպես կռիվը վերածվեց հաշտության ու նրանք նորից դարձան քույրեր՝ իրարից տարբեր, բայց մեկ է համերաշխ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *