Ումբերտո Էկո. «Նամակ թոռնիկիս» / Վերլուծություն

Նամակում պապիկը իր թոռնիկին խելացի ու խորիմաստ խորհուրդներ էր տալիս: Թոռնիկին Խորհուրդ էր տալիս շատ կարդալ, շատ սովորել։ Ումբերտո Էկոն ցանկանում էր, որ իր թոռնիկը իմանա ամեն ինչ, ինչ-որ հնարավոր է, մտապահի ինչքան հնարավոր է, մտածի ինչքան հնարավոր է: Ժամանակաները լի են հնարավորություններով և նորագույն տեխնոլոգիաներով։ Ամեն ինչից օգտվելու հնարավորություն ունեն բոլորը և կրթվել հնարավոր է միայնակ՝ համացանցի օգնությամբ։ Հիմա տեխնոլոգիաները այնքան են զարգացել, որ մենք այդ ամենը կարող ենք անել տանը հանգիստ նստած ՝ ջանք չգործադրելով: Ահա այս ամենը Ումբերտո Էկոն հասկանալով՝ բացատրում էր իր թոռնիկին, քանի որ նա ցանկանում էր, որ իր թոռնիկը ոչ մի հնարավորություն բաց չթողնի։ Նամակի իմաստն էր հասկացնելը մեզ, որ ուղեղը մկան է, որը անվերջ մարզանքի կարիք ունի։ Մենք բոլորս ինչ-որ բան մտապահելու համար օգտագործում ենք համացանցը, մեր հեռախոսները և այլն՝ ամենը հեշտացնելու նպատակով։ Սակայն հեշտը միշտ չէ, որ ճիշտն է հետագայի համար։ Ավարտելով իմ միտքը՝ նշեմ, որ համաձայն եմ հեղինակի հետ և կարծում եմ, որ չնայած ժամանակները հեշտացել են՝ չարժի լիովին կառչել նորագույն մեթոդներից։ Կարծում եմ, որ պետք է կարդալ և սովորել և կարդալով ասես ապրել այլ մարդկանց կյանքը՝ հասկանալով շատ անհասկանալի բաներ կյանքի մասին իրենց միջով։

Լռություն։ Հարուկի Մուրակամի / ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Պատմությունը պատմվում է երրորդ դեմքով՝ անանուն պատմիչի կողմից։ Չնայած անցած տարիներին (մոտ տասնհինգ տարի)՝ Օձավան չի կարողանում բաց թողնել Ավագ դպրոցում անցկացրած իր ժամանակը և իր հարաբերությունները Աոկի անունով աշակերտի հետ: Պատմվածքում անհատականությունների բախում է տեղի ունենում։ Երկու կերպարների միջև կա ինտենսիվ մրցակցություն, ինչը վերածվում է ատելության, երբ Օձավան դասի առաջատար է դառնում: Սա առաջացնում է խանդի զգացում Աոկիի մոտ, ով երկար ժամանակ եղել է առաջինը դասարանում։

Հետաքրքիր է այն, որ և՛ Օձավան, և՛ Աոկին վախենում են միմյանցից։ Այն փաստը, որ Օձավան ի վիճակի է ներել Աոկիին, կարևոր է, քանի որ դա թույլ է տալիս Օձավային մասամբ, բայց ոչ ամբողջությամբ առաջ շարժվել: Նա գիտի, որ կշարունակի հանդիպել այնպիսի մարդկանց, ինչպիսին Աոկին է, և վստահ է, որ այդ պահերին կարող է ուղղակի քայլել հակառակ ուղղությամբ: Հեղինակը թողնում է ընթերցողին այն համոզմունքին, որ Աոկիի հետ հարաբերությունները անբուժելի սպի են թողել Օձավայի կյանքում։

Անսպասելի համրություն: Կենձաբուրո Օէ

250px-Paris_-_Salon_du_livre_2012_-_Kenzaburō_Ōe_-_003

Կենձաբուրո Օէ — 1994թ. գրականության նոբելյան մրցանակակիր, «ով բանաստեղծական ուժով ստեղծել է երևակայական աշխարհ, որտեղ իրականությունը և առասպելը խտանալով իրենցից ներկայացնում են այժմյան մարդու դժբախտության անհանգստացնող պատկերը»

Լուսաբացի մշուշի միջով սլանում էր արտասահմանյան զինվորներով լեցուն «ջիպը»: Հովտի միջով իր որսորդական տարածքները ստուգող տղան` մեջքին գցած մի լար, որին հագցրել-շարել էր որոգայթներն ընկած թռչուններին, շունչը պահած` որոշ ժամանակ հետևում էին մեքենային: Ժամանակ դեռ կա մինչև  «ջիպը» կբարձրանա բլուր, կիջնի հարթավայր, կրկին կմագլցի բլուր և նոր միայն կհայտնվի գյուղում: Տղան ամբողջ թափով սլացավ դեպի գյուղ: Նրա հայրը բլրալանջին կպած այդ պստիկ գյուղակի ավագն էր, և տղան` վախից սպիտակած, վազեց այնտեղ, որտեղ հայրն ավարտում էր նախապատրաստական վերջին գործերը դաշտ դուրս գալու համար:

Տղան խփեց հրշեջ զանգը` գյուղի բնակիչներին կանչելով հոր տան մոտ, որը կանգնած էր բլրի հովտահայաց լանջին: «Աղջիկներն ու ջահել կանայք թաքնվեն լեռան ստորոտի խրճիթում, որտեղ փայտածուխն էր թրծվում, տղամարդիկ դաշտի հյուղակում թողնեն այն բոլոր առարկաները, որոնք սխալմամբ կարող են զենքի հետ շփոթել: Եվ ոչ մի դեպքում կռվի չբռնկվել»: Արդեն բազում անգամներ կրկնվող այս խրատները վաղուց անգիր էին արվել: Բայց արտասահմանյան զինվորներ, չգիտես ինչու, դեռևս ոչ մի անգամ չէին հայտնվել գյուղում:

Երեխաները հուզված գնում-գալիս էին գյուղի փողոցով, մեծահասակները թողել էին գործը` դուրս չէին եկել դաշտ, չէին տքնում մեղվանոցում, անասունների համար կեր էին պատրաստում: Արևն արդեն բարձրում էր, երբ «ջիպը» մեծ արագությամբ, սակայն անձայն, մտավ գյուղ:

Նա կանգնեց հրապարակում, դպրոցի առջև, որը փակ էր ամառային արձակուրդների պատճառով: Մեքենայից դուրս եկան հինգ արտասահմանյան զինվոր և մի ճապոնացի թարգմանիչ: Աշխատեցրին հրապարակի պոմպը, խմեցին պղտոր-սպիտակավուն ջուրը, լվացվեցին: Հեռու կանգնած մեծահասակներն ու երեխաները նայում էին նրանց: Կանայք ու ծերունիները թաքնվել էին մութ ու նեղ մարագներում և այնտեղից էին նայում` վախենալով քթները դուրս հանել: Երբ զինվորները գնացին դեպի «ջիպը», մեծահասակներն ու երեխաները ետ քաշվեցին: Նրանք առաջին անգամ էին արտասահմանյան զինվորներ տեսնում և փոքր-ինչ շփոթված էին:

Թարգմանիչը, պահպանելով դեմքի խիստ արտահայտությունը, բարձրաձայն գոռաց.

– Որտե՞ղ է ավագը: Կանչեք նրան,–դրանք առաջին բառերն էին այն առավոտ:

Տղայի հայրը, որը գյուղի մյուս բնակիչների հետ հետևում էր արտասահմանյան զինվորների ժամանումին, առաջ եկավ: Տղան հուզմունքով նայում էր, թե ինչպես հայրը, կուրծքն ուռցրած, պատրաստվում էր պատասխանել թարգմանչին:

–Ավագը ես եմ,–ասաց նա:

–Մենք վճռեցինք հանգստանալ ձեր գյուղում, մինչև երեկոյան հովն ընկնի: Հոգս չենք պատճառի: Նրանք ուրիշ տեսակ կերակուրի են սովոր, այնպես որ` նրանց հյուրասիրելու անհրաժեշտություն չկա, միևնույնն է, չեն ուտի: Պա՞րզ է:

–Կարող եք տեղավորվել դպրոցում,–մեծահոգաբար ասաց հայրը:

–Մարդիկ թող գնան գործի, մենք ցանկանում ենք հանգստանալ,–ասաց թարգմանիչը:

Շագանակագույն մազերով զինվորը թեքվեց թարգմանչի կողմը և ինչ-որ բան ասաց նրա ականջին:

–Նա ասում է`շնորհակալություն հյուրընկալության համար,–բացատրեց թարգմանիչը:

Շագանակագույն մազերով զինվորը սիրալիր ժպտում էր: Եվ հավաքվածները, անուշադրության մատնելով թարգմանչի ասածը, չէին հեռանում, աշխատելով ավելի լավ ուսումնասիրել արտասահմանյան զինվորներին: Նրանք նայում էին` հիացական բացականչություններ արտաբերելով:

–Գնացեք աշխատելու,–կրկնեց թարգմանիչը:

Մարդիկ վերջապես սկսեցին ցրվել, դժկամորեն, անդադար ետ նայելով, փոքրիկ իսկ առիթի դեպքում վերադառնալու ցանկությամբ: Թարգմանիչը նրանց կարծես դուր չեկավ: Հրապարակում մնացին միայն  երեխաները, արտասահմանյան զինվորների ներկայությամբ նրանց փոքր-ինչ վախեցնում էր, և նրանք նայում էին զինվորներին`«ջիպից» որոշ հեռավորության վրա տեղավորված։

Զինվորներից մեկր ջրհորից ջուր վերցրեց, թափեց մեքենայի վրա և սկսեց լվալ այն։ Մյուսը, լուսամուտի ապակու մեջ սեփական արտացոլմանր նայելով, սանրում էր արևհար շեկ մազերը։ Ինչ-որ մե­կր մաքրում էր զենքը։ Երեխաները, շունչները պահած, հետևում էին այս ամենին։

Թարգմանիչը մոտեցավ երեխաներին, անժպիտ նայեց չորս բոլորը և բարձրացավ– նստեց վարորդի նստարանին։ Նա այդ բանը հա­վանորեն արեց, որպեսզի ավելի հեշտորեն հետևի անչափահաս դի­տորդների գործողություններին։ Արտասահմանյան զինվորներն իրենց հանգիստ ու բարեկիրթ էին պահում։ Նրանք բարձրահասակ էին, լայնաթիկունք, գեղեցիկ։ Երեխաներն աստիճանաբար ավելի ու ավելի մոտ էին գալիս՝ սեղմելով օղակը «ջիպի» շուրջը, որպեսզի առավել լավ ուսումնասիրեն զինվորներին։

Կեսօրին, երբ շոգը անտանելի դարձավ, գինվորներն իջան դեպի գետակը։ Խորը տեղերում կարելի էր լողալ։ Երեխաներն ակնածան­քով էին նայում զինվորների մերկ մարմիններին։ Նրանք չափազանց սպիտակմաշկ էին՝ ամբողջովին ծածկված արևի տակ փայլփլող ոս­կեգույն մազիկներով։ Նրանք սուզվում էին, լողում, ջուր ցայտեցնում միմյանց վրա, բարձրագոչ գոռգոռում։

Ամբողջովին քրտնաթոր՝ երեխաները նստած էին ափին եւ ակնա­պիշ նայում էին զինվորներին։ Վերջապես գետափ իջավ նաև թարգ­մանիչը, նա էլ հանեց հագուստը, սակայն նրա մաշկը մուգ-դեղնավուն էր, իսկ մազեր ընղհանրապես չկային մարմնի վրա։ Մարմինն ասես փայլեցված լիներ և դրա հետ՝ անմաքուր։ Թարգմանիչը զգուշո­րեն էր մտնամ ջուրր՝ ձեռքերով ամոթատեղերը ծածկած՝ բոլորովին ոչ այնպես, ինչպես արտասահմանյան զինվորները։ Երեխաները, որ որոշ արհամարանքով էին նայում թարգմանչի գործողություններին, բարձրաձայն ծիծաղեցին։ Արտասահմանյան զինվորներն այնպես ցույց տվին, իբր ուշադրության չեն դարձնում նրա վրա։ Սակայն հա­զիվ ջուրը մտած՝ թարգմանիչը հայտնվեց զինվորների օղակում և նայն պահին աղաղակելով դուրս թռավ ափ։

Բարձր գոռգոռալով՝ զինվորները սրբվեցին, հագան վերնաշա­պիկներն ու տաբատները և վազքով վերադարձան դպրոց։ Երեխա­ները սլացան նրանց հետեւից։ Թարգմանիչը զինվորների հետ չէր։ Որոշ ժամանակ անց նա վազեվազ տեղ հասավ՝ ոտաբոբիկ ու շվաթված։ Վազում էր սալարկած ճանապարհի շիկացած քարերի վրայով, անդադար վեր-վեր ցատկելով։ Երեխաներն ու զինվորները՝ նրան նայելով, միահամուռ ծիծաղեցին։

Թարգմանիչը մոտեցավ քրքջացող երեխաներին, պարզորոշ նկատվում էր, որ զայրացած է, և հայհոյանքների տարափ տեղաց նրանց վրա։

–է յ, դո՛ւք, չգիտե՞ք ուր են իմ կոշիկները,– նա դոփեց բոբիկ ոտքերով: – Կոշիկներս կորել են։

Երեխաներն ուրախ ծիծաղում էին։ Տեսնել էր պետք թարգմանչի չարությունից այլայլված մուգ դեմքը։

–Հերիք ծիծաղեք…– գոռաց նա բարկացած։– Ձեզնից մեկն է արել երևի, հը՞։

Երեխաները դադարեցին ծիծաղել և զարմացած նայեցին թարգմանչին։ Վերջինս ցույց տալով, թե այլևս չի զայրանամ՝ խոսեց արդեն հանգիստ ձայնով.

–Դեհ, ուրեմն՝ ի՞նչ, մեկն ու մեկդ տեսե՞լ է կոշիկներս։

Ոչ ոք չպատասխանեց։ Երեխաների հայացքներն ուղղված էին թարգմանչի երկարուկ, սպիտակ ներբաններին, որոնք անճարակ տեսք ունեին, անգամ՝ տհաճ, բոլորովին նման չէին գյուղի բնակիչների երբեք կոշիկ չտեսած ոտքերին։

–Դե, ի՞նչ, չգիտե՞ք,– գրգռված հարցրեց թարգմանիչը, –ո’ւխ, անբաններ…

Արտասահմանցի զինվորները, որ արևի այրող շողերից պահվելու համար մտել էին դպրոցի տանիքի ելուստի տակ, հետևում էին թարգմանչին և երեխաներին։ Թվում էր, թե նրանք հաճույք են ստա­նամ թարգմանչի մուգ հագուստի և բոբիկ ոտքերի զավեշտալի ան­ներդաշնակությունից։

–Ավագին՝ այստեղ։ Թող անհապաղ ներկայանա՛,– հրամայեց թարգմանիչը։

Ավագի որդին վեր թռավ և վազեց անտառի միջով՝ սալարկած ճանապարհով վեր։

Հայրը, խարույկի մոտ կիսախավարում նստած, մոր հետ բամբուկ էր մանրում, ապա հավաքում ոչ մեծ փնջերով և կապում։ Նման աշ­խատանքը հոր համար չէր։ Սակայն գյուղում, որտեղ հիմնականում երեխաներ էին մնացել, անհնար էր միայն տղամարդու աշխատանք կատարել։ Հակառակը՝ տղամարդու աշխատանք երբեմն ստիպված էին լինում կատարել կանայք։

–Դե՞,– խռպոտ ձայնով հարցրեց հայրը, տեսնելով, որ տղան բան ունի ասելու։

–Թարգմանչի կոշիկները կորել են, չգիտի ինչ անի,– խոսեց տղան, –Ասում է, որ դու գաս։

–Իսկ ես ի՞նչ իմանամ,– փնթփնթաց հայրը։ –Ես ի՞նչ իմանամ, ուր են կորել այդ կեղտոտ տիպի կոշիկները։

Սակայն, այնուհանդերձ, վեր ելավ և որդու հետևից դուրս եկավ՝ կկոցելով աչքերը պայծաո արևից։ Նրանք իջան դեպի հրապարակ։

«Ջիպի» շուրջն էին հավաքվել գյուղացիները և լսում էին թարգմանչի պատմությունը կոշիկների մասին։ Ավագը, որի ճակատին քրտինքի կաթիլներ էին հայտնվել, մոտեցավ, և թարգմանիչը նորից սկսեց իր պատմությունը։

–Մինչ ես լողանում էի, կոշիկներս գողացան, դա տեղի ունեցավ ձեր գյուղում, և, ուրեմն, դուք պատասխանատու եք կատարվածի համար։ Վերադարձրեք իմ կոշիկները։

Մինչև պատասխան տալը, ավագը նայեց գյուղի բնակիչներին։ Հետո դանդաղորեն շրջվեց թարգմանչի կողմր և տարուբերեց գլու­խը։

–Ի՞նչ է,– ասաց թարգմանիչը։

–Ես դրա հետ ոչ մի առնչություն չունեմ,– ասաց հայրը։

–Գողացել են ձեր գյուղում,– համառում էր թարգմանիչը։– Պա­տասխանատվությունը ձե՛ր գյուղի վրա է։

–Գողացել են կամ չեն գողացել` ի՞նչ իմանամ,– ասաց հայրը– Գուցե գետն է տարել։

–Կոշիկներս հանեցի շորերիս հետ, գետափին, ես դա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Գետը տանել չէր կարող։

Տղայի հայրը նորից շրջվեց հավաքվածների կողմը.

–Ձեր մե՞ջ է կոշիկները գողացողը։– Ապա դարձավ թարգմանչին.– Տեսնո՞ւմ եք՝ ոչ։

–Ինձ հիմարի տեղ դնել հարկավոր չէ,– ասաց կատաղած թարգ­մանիչը։ Նրա բարակ շրթունքները դողում էին։– Գլուխ մի տարեք։

Ավագը լռում էր։

–Այդ կոշիկներր բանակին էին պատկանում,– հարձակվեց թարգ­մանիչը։– Ձեզ հայտնի՞ է, թե ինչ են անում նրան, ով գողանամ կամ թաքցնում է բանակային ունեցվածքը։

Թարգմանիչը շրջվեց և թափահարեց ձեռքը։ Շեկ ու շագանակա­գույն մազերով բարձրահասակ տղաները լուռ դուրս եկան կտուրի ստվերի տակից, շրջապատեցին թարգմանիչին և տղայի հորը։ Ար­տասահմանյան զինվորների լայն թիկունքների ետևում նա բոլորո­վին չէր երևում։ Զինվորների ուսերից կախ ընկած ավտոմատ հրա­ցանները յուրաքանչյուր քայլափոխին խփվում էին նրանց կողքերին։

Զինվորների օղակը բացվեց, երևաց տղայի հոր գլուխը։

–Մենք որոշեցինք փնտրել ափին, օգնեք մեզ,– կանչեց նա։

Թարգմանիչն ու ավագն առջևում, նրանց ետևից արտասահմանյան զինվորները, ապա մեծահասակներն ու երեխաները ուղղություն վերցրին դեպի գետը։ Երեխաները, հուզված, վազում էին ճանա­պարհի կողքերով, ձարխոտի խիտ մացառների միջով։ Փոքրիկ գե­տափին բան փնտրելը հեշտից հեշտ էր։ Եվ ոչ ոք, բացի թարգմանիչից դրանով չզբաղվեց։

Դեռ բոլորովին ջահել, պեպենոտ զինվորը վերցրեց հրացանը, հենեց ուսին և ուղղեց դեպի թփի գագաթը, այնտեղ, փետուրներն ուռցրած նստած էր մեծ ու գորշ մի թռչուն, որր հենց նոր թռել-եկել էր գետի մյուս ափից։ Նա նստած էր անշարժ, բայց զինվորն այդպես էլ չկրակեց։ Նա իջեցրեց ավտոմատը և սկսեց հայացքով զննել ափը՝ կոշիկները գտնելու հույսով։ Մեծահասակներն ու երեխաները թեթևացած շունչ քաշեցին։ Լարվածությունը, որով նրանք հետևում էին զինվորին, թուլացավ։

Սակայն այդ միջոցին թարգմանիչը խոտերի մեջ, ափից բավա­կան հեոու, գտավ իր կոշիկի կապի մի կտորը և ցույց տալով, որ այն կտրված է ինչ-որ սուր առարկայով՝ սկսեց զայրացած գոռգոռալ։ Գյուղի բնակիչները կրկին կաշկանդվածություն զգացին՝ վախին մի­ախառնված։ Երեխաներն ընկրկեցին՝ թաքնվելով բամբուկի և ձարխոտի թավուտում։

Թարգմանիչը բարձր ինչ-որ բան գռռաց, հզոր կազմվածքով և շագանակագույն մազերով զինվորը մեծ-մեծ քայլերով մոտեցավ նրան։ Թարգմանիչը ցույց տվեց կոշկակապի կտորը, մատով նշեց մինչև ափ ընկած տարածությունը և սկսեց ինչ-որ բան բացատրել։ Ավագը խոժոռված լսում էր, սակայն շուտով ընկղմվեց սեփական մտքերի մեջ, քանի որ օտար լեզուն չէր հասկանում։ Զինվորը համաձայնեց թարգմանչի հետ և սկսեց քննախույզ նայել հավաքվածնե­րին։ Թարգմանիչը նորից հարձակվեց ավագի վրա։

–Քո գյուղի բնակիչների մեջ գող կա, և դու հավանորեն գիտես, թե ով է։ Ստիպիր նրան, որ խոստովանի։

–Ես չգիտեմ, թե ով է,– ասաց տղայի հայրը։– մեր գյուղում գողեր չկան։

–Մ’ի ստիր, կարծում ես կկարողանա՞ս խաբել ինձ,– չարությամբ գոռաց թարգմանիչը։– Նրան, ով գողացել է բանակի ունեցվածքը, իրավունք ունեմ գնդակահարել, ուզո՞ւմ ես։

Ավագը չէր պատասխանում։ Թարգմանիչը խոժոռված նայում էր նրան։ Շագանակագույն մազերով զինվորը հանգիստ ինչ-որ բան ասաց թարգմանչին։ Վերջինս դժկամորեն համաձայնեց։ Հետո նրանք քայլեցին դեպի հրապարակ։ Շիկացած ճանապարհով ոտաբոբիկ քայլող թարգմանչի տեսքը զավեշտալի էր։ Նա քայլում էր թռչկոտե­լով, անդադար չորացնելով վզի կեղտոտ քրտինքը։

Դսլրոցի առջև, հրապարակում նա եռանդուն շարժուձևով եր­կար ինչ-որ բան էր ապացուցում շագանակագույն մազերով զինվո­րին։ Իսկ հետո, շեշտելով յուրաքանչյուր բառը և այնպիսի երանգով, որ ցնցի գյուղի բնակիչներին, հայտարարեց։

–Ես մտադիր եմ խուզարկել ձեր տները։ Նա, ով թաքցնում է գո­ղացած կոշիկները, կձերբակալվի։ Կոշիկները ինքնակամ հանձնողին և ներողություն խնդրողին պատասխանատվության չենք կանչի։

Գյուղի բնակիչները տեղից չշարժվեցին։ Թարգմանիչն ավելի բորբոքվեց.

–Երեխաներ, դուք գիտե՞ք, ով է թաքցնում կոշիկները։ Եթե գիտեք, ասեք, նվեր կստանաք։

Երեխաները լռում էին։ Թափահարելով ձեռքերը՝ թարգմանիչը նո­րից խոսեց զինվորի հետ։ Զինվորը վերջապես տեղի տվեց և մտավ դպրոց, իսկ թարգմանիչը, բարձրացնելով քրտնած դեմքը, ասաց.

–Ես կխուզարկեմ բոլոր տները, և նա, ով գողացել է բանակային ունեցվածքը կամ թաքցնում է այն, խստորեն կպատժվի։ Եկեք իմ հե­տևից,– հրամայեց նա։– Կսկսեմ գյուղի հյուսիսային ծայրից, բոլոր բնակիչների ներկայությամբ։ Որևիցե ինքնուրույն գործողություն արգելում եմ, մինչև գտնվի ունեցվածքը։

Մեծահասակներից ոչ մեկը տեղից չշարժվեց։

–Դե, ինչ եք սպասում,– գոռաց թարգմանիչը։– Ես կարծեմ ասա­ցի՝ հետեւեք ինձ։ Չե՞ք ուզում օգնել։

Նրա ձայնը հալվեց շիկացած երկնքում։ Տղամարդիկ, քրտնած ձեռքերը կրծքներին միահյուսած, անշարժ կանգնած էին։ Թարգմա­նիչը հուզմունքից դողում էր, աչքերը վառվում էին, նա չարությամբ չորս կողմն էր նայում։

–Եկեք իմ ետևից, խուզարկելու եմ տուն առ տուն։

–Գնացինք,– ասաց տղայի հայրը։

Թարգմանչի հետևից բոլորը շարժվեցին դեպի գյուղի հյուսիսային ծայրը։ Օրվա ամենաշոգ ժամն էր։ Արեգակը ողողել էր ամբողջ հովիտը։ Ճանապարհի շիկացած սալերի վրայով բոկոտն քայլող կա­տաղած թարգմանիչն այնպիսի զավեշտական տեսք ուներ, որ երե­խաներն սկսեցին ծիծաղել։ Զինվորները նույնպես ծիծաղեցին, թեև`փոքր-ինչ կաշկանդված։ Դա նորից նրանց կողմը դարձրեց երեխաների համակրանքը։

Արտասահմանյան զինվորները չէին կարող մեկնել, մինչև թարգմանիչը չավարտեր   խուզարկությունը, նրանցից  մեկն  անգործ պտտվում էր «ջիպի» շուրջը, մեկ ուրիշը ետ եկավ դպրոց։ Նրանց հետևող երեխաներն ուրախանում էին, որ զինվորները այդպես խաղաղ են: Իսկ զինվորները հետաքրքրված նայում էին վառ կարմիր կիմոնոյով աղջկան, լուսանկարում էին, ինչ-որ գրառումներ էին անում տետրակներում։ Խուզարկությանը, սակայն, ձգձգվեց, և դա բոլորին ձանձրացնում էր։

Թարգմանիչը համառորեն խուզարկում էր տուն տան ետևից։ Նրան սպասող զինվորները մտան դպրոցի շենքը։ Ոմանք, կոշիկները չհանելով, պառկեցին ուղղակի հատակի տախտակներին, մյուսները նստեցին` հենվելով պատին։ Դժգոհ տեսք ունեին։ Ամենաջահել զինվորը անդադար ծամում էր՝ ժամանակ առ ժամանակ փոշու մեջ թքելով վարդագույն թուքը։

Մեծահասակները լուռ հետևում էին խուզարկությանը, որը թարգմանիչը կատարում էր յուրաքանչյուր տանը, իսկ երեխաները, դպրոցի հրապարակում հավաքված, նայում էին «ջիպին» և զինվորներին, որոնց այս ամենը վաղուց արդեն ձանձրացրել էր։ Երեխաների մոտ, սակայն, հետաքրքրությունը դիպվածի նկատմամբ չէր նվազում։ Ջահել զինվորը նրանց կողմը նետեց մի տոպրակ՝ մեջը քաղցրավենիք, որից ինքն էր ծամում։ Լայն ժպտալով, երեխաները նույնպես սկսեցին ծամել, սակայն՝ մեծ դժվարությամբ, քանի որ այդ քաղցրավենիքը կպչում էր ատամներին և ասես կաշվի կտորտանք լիներ։ Նրանք ի վերջո թքեցին քաղցրավենիքը, բայց, ըստ ամենայնի, մեծ բավականություն ստացան։

Արևը թաքնվեց, հովիտը շրջապատող լեոները մթագնեցին, քամի բարձրացավ, շագանակի անտառում ալիք տվեց խոտը։ Իջավ երե­կոն: Թարգմանիչը, տանջված ու գրգռված, մեծահասակների ուղեկցությամբ վերադարձավ հրապարակ։ Նրա բոբիկ ոտքերը կեղտոտվել էին փոշուց ու քրտինքից, ասես փաթաթված լինեին սև գործվածքի կտորներով և թվում էին վիթխարի ու տձև։

Նա մտավ դպրոց, որպեսզի պատմի խուզարկության մասին։ Զին­վորներն այլևս չէին ծիծաղում։ Նրանք հոգնել էին սպասումից, և նրանց դեմքերը չարացած էին։ Ավտոմատները ձեռքերին՝ նրանք ելան հրապարակ։ Թարգմանիչը, որի համար նրանք ասես թիկնապահ լինեին, դարձավ գյուղի բնակիչներին.

–Դուք պետք է օգնեք ինձ։– Ձայնը համարյա աղաչող էր։ Օգնել ինձ՝ կնշանակի օգնել օկուպացիոն զորքերին։ Ճապոնացիները չեն կարող ապրել՝ չօգնելով օկուպացիոն զորքերին։ Դուք պարտված երկրի բնակիչներ եք։ Եվ եթե նրանք, ովքեր հաղթել են, գնդակահա­րեն բոլորիդ, ոչ ոք ծպտուն էլ չի հանի։ Միայն խելագարը կհրաժար­վի ինձ օգնելուց։

Մեծահասակները նրան էին նայում ու լռում։ Այնժամ կատաղած թարգմանիչը, մատն ավագի կողմը տնկելով, կոպտորեն գոռաց.

–Մենք չենք մեկնի այնքան ժամանակ, մինչեւ չվերադարձվի գողացվածր։ Բավական է ասեմ զինվորներին, թե այս գյուղում խռո­վություն է պատրաստվում և զենք են թաքցնում՝ նրանք կմնան և կսկսեն խուզարկությունները։ Իսկ եթե զինվորները մնան ձեր գյու­ղում, ապա դա էժան չի նստի ձեր կանանց ու աղջիկների վրա, որոնք հիմա թաքնվում են լեռներում։

Շրթունքները սեղմած՝ թարգմանիչը հայացքով զննում էր գյուղա­ցիներին, ձգտելով որևէ մեկի մեջ անվճռականություն հայտնաբերել։

–Դե ի՞նչ, չե՞ք ցանկանում օգնել։

–Բոլորն էլ ասում են, որ ոչինչ չգիտեն ձեր կոշիկների մասին։ Ասում են, որ հավանաբար գետն է քշել-տարել,– խոսեց տղայի հայրը՝ աշխատելով պահպանել խրոխտ կեցվածքը։– Ուստի, ինչպե՞ս օգ­նենք ձեզ։

–Սրիկա,- գռռաց թարգմանիչը՝ մերկացնելով ատամները, ապա հարվածեց ավագի դեմքին։

Վերջինս ձեռքը տարավ ծնոտին և իսկի հոնքն էլ չշարժեց։ Պատռված շրթունքից կաթեց արյունը։ Որդին, սարսափից շնչահեղձ, նայում էր, թե հոր արևհար այտն ինչպես է դանդաղորեն կարմրա­տակում։

–Սրիկա,- կրկնեց թարգմանիչը ծանր շնչելով։– Դու ավագն ես և պատասխանատու ես ամեն ինչի համար։ Եթե ցույց չտաս գողին, ես զինվորներին կասեմ, որ գողր դու ես, կասեմ քեզ բռնեն ու տանեն օկուպացիոն բանակի զինվորական ոստիկանություն։

Տղայի հայրը դանդաղ շրջվեց մեջքով դեպի թարգմանիչը և հեռացավ: Տղան զգաց, որ հայրը կատաղած է։ Թարգմանիչր գոռում էր փորձելով վերադարձնել ավագին, բայց վերջինս շարունակում էր հե­ռանալ։

–Կանգնիր, գող, չհամարձակվես փախչել,– աղաղակեց թարգ­մանիչը։ Եվ նույն պահին օտար լեզվով ինչ-որ բան գոռաց։

Ջահել զինվորը, ավտոմատն ի զեն վերցնելով, նույնպես ինչ-որ բան գոռաց:

Հայրը  շրջվեց և հանկարծակի վախով համակված՝ վազեց։

Թարգմանիչը գոռաց։ Ջահել զինվորի ավտոմատը կրակեց։ Հայրը, ձեռքերը տարածելով, ցնցվեց ու տապալվեց գետնին։ Գյուղացիները մոտ վազեցին։ Բոլորից առաջ հոր գլխավերևում հայտնվեց որդին։ Հայրը մեռած էր, նրա աչքերից, քթից, ականջներից արյուն էր հոսում։ Սրտաճմլիկ աղաղակելով՝ տղան դեմքով սերմվեց հոր տաք թիկունին: Հայրը միայն նրան էր պատկանում։ Գյուղացիներր շրջվեցին և խտացող մթան միջով նայեցին հեռվում շփոթահար կանգնած թարգմանչին ու զինվորին։ Զինվորից մի քանի քայլ հեռանալով՝ թարգմա­նիչը այլայլված ձայնով ինչ-որ բան գռռաց, սակայն ո՛չ մեծահա­սակները, ո’չ երեխաները նրան չպատասխանեցին։ Նրանք լուռ նայում էին թարգմանչին։

Իջավ գիշերը, հատակի վրա պառկած հանգուցյալի մոտ մնացին միայն տղան և նրա մայրը։ Մայրն անշարժ էր նստած, ձեռքերր տղամարդու պես ծնկներին հենած։ Տղան պատուհանից նայում էր ցածում փռված հովտին, հովիտն էլ էր անշարժ ու անմռունչ։

Հովտով հոսող գետից բարձրանում էր խիտ մշուշր։ Ուշադիր նայելով տղան տեսավ, որ սալարկած ճանապարհով մարդիկ են բարձ­րանամ, իսկ նրանց ետևից սողում է մշուշը։ Մարդիկ դանդաղ էին բարձրանում, անխոս։ Նրանք քայլում էին համաչափ, ոտքներն ամուր դնելով, ասես ծանր բեռ էին տանում։ Շրթունքն ատամի տակ՝ տղան ավելի ու ավելի մեծ անհանգստությամբ էր հետևում մոտեցող թափորին։ Տղայի աչքերը մի պահ մթագնեցին։ Մայրն արագորեն մոտ եկավ և պատահանից դուրս նայեց։ Տղան հասկացավ, որ մայրն էլ տեսավ եկողներին։ Մայրը գրկեց նրա ուսերը։ Տղան անշարժացավ մոր գրկում։

Մարդիկ, թվաց, կորան կաղնու պուրակում, սակայն նույն պահին, առանց թակոցի, բացվեց տան դուռը, և նրանք խռնվեցին շեմին, լուռ նայելով նրան։ Տղան զգաց, թե ինչպես դողաց իրեն գրկած մայրը, և, ասես փոխանցվելով, դողը համակեց նաև տղային։

Սակայն, ահա, նա մի կողմ տարավ մոր ձեռքը և վեր կացավ։ Եվ ինչպես կար՝ ոտաբոբիկ, իջավ հողե հատակին ու մեծահասակներով շրջապատված՝ դուրս ելավ տանից։ Նրանք արագորեն իջնում էին մշուշից տամկացած զառիթափով, տղան, վախից ու ցրտից շարու­նակ դողալով, հազիվ էր հասնում նրանց ետևից։

Քարհանքի մոտ հարթեցված փոքրիկ հրապարակից ճանապար­հը երկատվում էր։ Մեկը տանում էր դեպի կամուրջը։ Քարե սանդուղքն իջնում էր ընդհուպ մինչև ջուրը։ Լարվածությունից այլա­կերպված մեծահասակների չսափրված ու խիստ դեմքերը շրջված էին դեպի տղան։ Նրանք լուռ նայում էին նրան։

Որպեսզի զսպի դողը, տղան ձեռքերով ամուր գրկեց սեփական իրանը և, զգալով թիկունքին մեխված հայացքները, վազեց դեպի դպրոցի հրապարակ։ «Ջիպը» կանգնած էր՝ լուսնի փափուկ լույսով ողողված։ Տղան մոտեցավ։ Զինվորներն, ըստ ամենայնի, քնած էին դպրոցի շենքում։ Շունչը պահած՝ նա նայում էր մեքենային։

Վարորդի նստարանին հանկարծ հայտնվեց մի կերպարանք։ Դուռը բացվեց ևկերպարանքը դուրս ցցվեց։

–Ո՞վ է այստեղ,– լսվեց թարգմանչի ձայնը։– Ինչո՞ւ ես եկել։

Տղան լսում էր։ Եվ նայում էր թարգմանչի աչքերին։

–Դու գիտե՞ս, թե որտեղ են թաքնված իմ կոշիկները,– ասաց թարգմանիչը– Ուզում ես ասել և ստանալ վարձատրությու՞նը։

Տղան, լարվելով, գլուխը բարձրացրեց։ Եվ շարունակում էր լռել։ Թարգմանիչը ճարպկորեն դուրս թռավ մեքենայից։Նա թփթփացրեց տղային ուսը։

–Ապրե՛ս։ Դեհ, գնացինք։ Մի անհանգստացիր, ոչ ոքի չեմ պատ­մի։

Անդադար բախվելով միմյանց, նրանք քայլեցին դեպի այն կողմը, որտեղից քիչ առաջ եկել էր տղան։ Տղան լարել էր ամբողջ կամքը, որ­պեսզի զսպի դողը։

–Ի՞նչ նվեր ես ուզում,– բլբլում էր թարգմանիչը։– Գուցե զինվոր­ների ամբողջ քաղցրավենիքը վերցնեմ ու քեզ տամ, հը՞։ Իսկ դու երբևէ տեսած կա՞ս արտասահմանյան բացիկներ։ Կարող եմ արտա­սահմանյան ամսագիր նվիրել։

Տղան լուռ էր քայլում, շունչը պահած։ Մանր քարերր խրվում էին ներբանների մեջ և ցավեցնում։ Թարգմանչի համար երևի ավելի դժվար էր։ Նա անընդհատ վեր-վեր էր ցատկոտում։

–Դու հա՞մր ես,– ասաց թարգմանիչր։ –Թող այդպես լինի, փոխարենր դու հասկանում ես ինչն ինչոց է։ Քո գլուխն ավելի լավ է աշ­խատում, քան ձեր գյուղի մեծահասակներինը։

Նրանք հասան քարհանքին։ Անցան կամրջով և մշուշից թրջված սայթաքուն աստիճաններով իջան վար։ Կամրջի տակ՝ խավարի միջից հանկարծ մի ձեռք ցցվեց և սեղմեց թարգմանչի բերանը։ Նրան շրջապատեցին մերկացած, մկանուտ մարդիկ, չսափրված դեմքերով։ Դուրս պրծնելու անկարող, մերկ մարդկանց օղակում սեղմված, նա նրանց հետ միասին դանդաղորեն սուզվում էր ջրի մեջ։ Նրանք, ովքեր շունչ առնելու կարիք էին ունենամ, հերթականությամբ դուրս էին գալիս ջրից, օդ հավաքում թոքերի մեջ, ապա կրկին սուզվում և պահում նրան  այնտեղ, թույլ չտալով բարձրանալ եւ շունչ առնել։ Այդպես նրանք փոխարինում էին միմյանց, մինչև վերջապես թարգմանչին մենակ թողեցին ջրի մեջ և սկսեցին բարձրանալ քարե աստիճաններով։ Բոլորը դողում էին ցրտից։ Շարունակելով դողալ, նրանք հագնվեցին։ Եվ տղային ուղեկցեցին մինչև այն ճանապարհը, որը տանում էր վեր՝ դեպի նրա տունը։ Թիկունքում լսելով լռելյան հեռացող մարդկանց համաչափ դոփդոփյունը, տղան քայլեց արթնացող անտառի միջով։

Նա բացեց դառը, և լուսաբացի կապտագորշ մշուշը ներս լցվեց։ Անշարժ, մեջքով դեպի դուռը նստած մայրը հազաց։ Տղան, նույնպես հազալով, կանգնած էր հողե հատակին։ Մայրը խիստ հայացքով նա­յեց նրան։ Տղան լուռ բարձրացավ սենյակ և, ամբողջովին փշաքաղված պառկեց ծղոտահյուս ներքնակին, որի կեսը զբաղեցնումէր հոր խոշոր մարմինը։ Մայրը նայում էր որդու նեղ ուսերին, բարակ պարանոցին:Տղան անձայն լաց էր լինում։ Նրան համակել էր հոգնությունը, թուլությունն ու խղճահարությունը, սակայն ամենից շատ՝ դաժան վախը: Մոր ձեռքը դիպավ նրա ծոծրակին։ Նա կատաղած՝ կոպտորեն վանեց մոր ձեռքը և կծեց շրթունքը: Աչքերից արցունք թափվեց։ Տան ետնամասի այգուց, որտեղ աճում էին ն շագանակենիներ, լսեեց արթնացող թռչունների երգը։

Առավոտյան արտասահմանյան զինվորներից մեկը գտավ թարգմանչին. ջրի մրջից դուրս էին ցցվել նրա ոտքերը։ Զինվորն արթնաց­րեք ընկերներին։ Թարգմանչին ջրից դարս քաշելու համար նրանք վճռեցին օգնության կանչել գյուղացիներին։ Սակայն երեխաները չքվել էին։ Իսկ մեծահասակներն աշխատում էին դաշտում՝ նորոգումէին փեթակներր, խոտ էին հնձում։ Զինվորներր փոձեցին նշաններով հասկացնել իրենց ուզածը, սակայն գյուղևացիները անհաղորդ էին: Նրանք անում էին իրենց գործը և այնպես նայում զինվորներին, ասես վերջիններս ծառեր էին կամ քարեր։ Աշխատում էին լուռ։ Թվում էր, նրանք մոռացել են, որ արտասահմանյան զինվորներ են եկել գյուղ։

Այնժամ զինվորներից մեկը հանեց հագուստը, մտավ գետը, հա­նեց խեղդվածին, ևնրան դրեցին «ջիպի» մեջ։ Ամբողջ առավոտ զինվորները պտտվում էին մեքենայի շուրջը։ Նրանք գրգռված էին ու շփոթված։ Գյուղի բնակիչները, ներառյալ երեխաները, ուշադրություն չդարձնելով դրան, շարունակում էին անել իրենց գործը. Գյուղից դարս, ճանապարհի մոտ, մի աղջնակ քաշքշում էր շան ականջները։Երկնագույն աչքերով զինվորը, ամենաբարեսիրտը, մեքենայի միջից, ընթացքի ժամանակ, նրան նետե) քաղցրավենիքով տոպրակը, սա­կայն աղջիկը, շարունակելով իր խաղը, նույնիսկ չնայեց տոպրակի կողմը:

Հովհաննես Թումանյանի մտքերից

Բնազդի հետ ճիշտ բանականություն պետք է լինի:

Դպրոցը գրականության հիմքն է, գրականությունը` դպրոցի բովանդակությունը:

Աշխատեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով ու մարդուն նայեցեք բարի սրտով ու պայծառ հայացքով:

Հեքիաթները անդունդներ են` խորը, անծայր, անվերջ հարուստ ու շքեղ աշխարհ:Հեքիաթը ամենաբարձր ստեղծագործությունն է, նույնիսկ հանճարները հեքիաթներ չեն կարողանում ստեղծել, բայց հեքիաթների են ձգտում:

Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ:

Արվեստը պետք է լինի աչքի նման թափանցիկ, պարզ և աչքի նման բարդ:

Գրել անկեղծ ու կենդանի լեզվով` դրանում է գրողի գլխավոր արժեքը:

Գեղեցկություն, բարություն, ճշմարտություն, սրանք են կյանքում հիմնականը:
Մեծ գաղափարները մարդկանց մեծացնում են, զորացնում, ազնվացնում են…Բայց դրա համար պետք է մարդու գլուխը էնքան մեծ ու բանական լինի, որ մի մեծ գաղափար մտնի նրա մեջ ու մերվի:Դժբախտաբար մեծ մասմաբ էդպես չի լինում, գաղափարը չի մտնում գլխի մեջ, այլ գլուխն է մտնում գաղափարի մեջ…

Չգիտենք ինչի հավատանք, ինչ սիրենք, ինչ ցանկանանք, տարուբերվում ենք մի մեծ վարանքի մեջ, բարոյական մի անեզր ալեկոծության մեջ, նավահանգիստ չենք հասնում, փարոս չենք տեսնում, և մեր բոլոր մխիթարությունն այն է, որ ազնիվ են մեր տանջանքները: 

Աշխարհում մարդիկ կան, որ ապրում են միայն իրենց համար, մարդիկ կան, որ ապրում են ուրիշներին տանջելու համար, մարդիկ էլ կան, որ ապրում են տանջվողներին օգնելու համար: Եվ, ավա՜ղ, ամենից քիչ հենց սրանք են աշխարհում:”

… և մի վատ սովորություն, որ մեզանում ամեն մի հարց ու խնդիր իսկույն կապում են ազգի գոյության հետ: 

Մենակ տաղանդը ի՞նչ անի, հարկավոր են բարեհաջող պայմաններ:”

Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքը ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր:”

… ոչ մի մխիթարության նշան չի երևում մեր երկնակամարի վրա. մարդիկ իրար ատում են, կողոպտում են, սպանում են բարոյապես և, ո՜վ ամոթ, իրենց գարշելի բերանն առած՝ ամբողջ օրը ծամում են ազնվությունը և լուսավորությունը:

Սքանչելի բան է երկինքը, բայց ո՞վ է գլուխը վեր բարձրացնում:

… ծաղիկը դրված է մեջտեղը և նույն ծաղկից մեղուն մեղր է շինում, օձը՝ թույն:

Էլի խելոքությունը, իմաստությունն ու համբերությունն են ամեն բանի հաղթում։

Լավ մարդ- էտ բնության, ավելի ճշմարիտը՝ մարդկության մեջ ամենակատարյալ ու ամենասքանչելի երևույթն է – և ամենահազավագյուտ:

Մարդիկ քիչ են- գազանները շատ: Եվ այժմ ապրում ենք մի ժամանակ, երբ մեծ ասպարեզ կա մարդու էդ վայրենի բնազդին… 

Զարմանալի բան է էլի. մի քանի օրով գալիս ենք էս աշխարհում ապրելու, էն էլ սիրտներս պղտոր:

… լավ մարդիկ կան, բայց ազգային ոչ մի բովանդակություն չունեն: Ոչ էս են, ոչ էն:

Մենք քաղաքակրթված ենք միայն մեր շորերով, լուսավորված ենք միայն վկայականներով… 

Ուրիշ ընդհանուր հանգամանքների հետ զարհուրելի ծնող է եղել մեզ համար մեր պատմությունը: Նա երկար դարերով մեզ դրել է բարբարոս ժողովուրդների ոտների տակ: Իսկ ամեն կենդանի գոյություն, որ ոտնատակ է ընկնում, եթե չի մեռնում, այլանդակվում է, դառնանում ու փչանում: Էսպես է բնության օրենքը: Եվ էս տեսակ կյանքը կունենա, այո՛, շատ բան, և՛ «հառաջադիմություն, և՛ «կուլտուրա», և՛ «մամուլ» և՛ «գրականություն», և՛ «դպրոց», և՛ «բարեգործություն», բայց էդ բոլորը ներսից ճիճվի կերած պտուղի նման են, և տառապում են հիմնական պակասություններով, մի ընդհանուր ցավով, որի ճարը դրսից անել չի կարելի: Էդ տեսակ կյանքը կտա և տաղանդավոր մարդիկ, սակայն նրանք էլ կլինեն դառն ու դաժան: Բայց նա չի կարող ծնել ազնիվ մարդիկ,բարի սրտեր ու բարձր ոգիներ, հենց է՛ն, ինչ որ դարձնում է մի կյանք գեղեցիկ ու հրապուրիչ- մի ժողովուրդ թանկ ու համակրելի…
Ուրիշ ճանապարհ չկա, ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած: 

Խավարն ու ետամնացությունը հեշտ է փարատել լուսով ու հառաջադիմությունով, բայց չարությունը դժվար է փոխել բարության: 

Այսքան դարեր ապրած, ծերացած ժողովուրդ և դեռ չի ըմբռնել կյանքի ներքին իմաստը, անցել է անթիվ ու անհամար փորձերի ու փորձությունների միջով և չի հասկացել, խորամուխ չի եղել, եզրակացություններ չի դուրս բերել այդ փորձերից, չի ստեղծել մի անհատական- զուտ ազգային օրենք…

Վերջապես կցանկանայինք, որ մեր ազգն էլ կարողանար տեսնել, տեսնել, գնահատել ու պաշտպանել իր ծնած ուժերը: 

… շարունակ էնպես է թվում, թե որտեղ որ է՝ մեր աշխարհքը տակն ու վրա է լինելու: Ոնց որ մի լցրած խախուտ թվանք ըլի մի խամ մարդու ձեռքին, որ ապասում ես, թե հրես որտեղ որ է կտրաքի ու…

Ինձ էնպես է թվում, թե մի շատ թանկագին բան եմ գտել, այսիքն մարդ եմ գտել: Չէ որ մարդը՝ գոնե մեզ համար՝ ամենաթանկ բանն է: 

… պատմությունը նրա համար է, որ մենք բան սովորենք: Վերջապես լուսավորությունն, արվեստներն ու գիտություններն էլ նրա համար են, որ մենք ավելի մարդասեր դառնանք, ավելի լայն նայենք մարդկանց ու աշխարհքին:

… կյանքն ինչպես անսահման մեծ է, էնպես էլ փոքր է անսահման: Եվ ահա ընդհարապես ապրում են ավելի նեղ ու փոքրիկ կյանքերով: Կա ազգային կյանք, պետական կյանք, դասակարգային կյանք, կուսակցական կյանք, ավելի՝ նեղ թայֆայական կյանք, թշնամու բանակների պես կանգանծ իրար դեմ մինչև են պստլիկ ես-ը… 

… զարմանլի է, մեր կյանքում իսկի լուսավոր, մխիթարական բան չկա, բարձր բան չկա: Արդյոք իմ հոռետեսությունի՞ց է այդպես, բայց ես հոռետես չեմ. իսկապես չկա: 

Այո՛, կարելի է տաղանդներ ու հանճարներ ունենալ, բայց ունենալու համար պետք է գնահատել ու պաշտպանել, իսկ գնահատել ու պաշտպանել, արդեն վաղուց ասված է, կնշանակի՝ ստեղծել: 

Խոսքը, նայած, թե ինչ մարդուց ում է ուղղցած, ամենազորեղ բժիշկն է: 

Ոչ մի բան այնքան ճշմարիտ չէ, որքան
այն, որ մեզանում ճշմարիտ, անկեղծ բան չկա, բոլորը դերասաններ են: 

Տարիներն ամցնում են, ետ ես նայում, որ զուր տեղը կորցրել ես ժամանակդ էլ, եռանդդ էլ, ամբողջ կյանքդ էլ: Եվ ամեն օր սպասում ենք, որ պիտի փոխվի: Ասում է՝ գնացին տեսան Մոլլա Նասրէդդինը մի վարար ջրի ափին նստած սպասում է: Ասին՝ ընչի ես սպասում:
– Թե՝ սպասում եմ գետն անց կենա, որ հետո ես անց կենամ: Ճիշտ էսպես. մենք էլ սպասում ենք՝ էս ժամանակն անց կենա, որ մեր ուզած կյանքով ապրենք… ու շարունակ սպասում ենք: 

Ավա՜ղ, կարծես թե իզուր են ապրում ու անցնում մեծ փիլիսոփաները, մեծ գիտնականներն ու մեծ բանաստեղծները, ազգերի համար մեծ մասամբ նրանք հանդիսանում են լոկ որպես շքեղ զարդարանքներ: 

Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հեգեբանությունը:

Վիլյամ Սարոյան | Դաշնամուր

― Ամեն անգամ, երբ դաշնամուր եմ տեսնում, հուզվում եմ, ― ասաց Բենը։
― Իսկապե՞ս հուզվում ես։ Ինչո՞ւ, ― հարցրեց Էմման։
― Չգիտեմ, ― ասաց Բենը։ ― Եթե չես առարկում, մտնենք այս խանութը և անկյունի փոքրիկ դաշնամուրը փորձենք, լա՞վ։― Նվագել գիտե՞ս, ― հարցրեց Էմման։― Դժվար թե նվագել անվանես այն, ինչ ես եմ անում։― Իսկ դու ի՞նչ ես անում։― Կտեսնե՛ս, ― ասաց Բենը։Նրանք մտան խանութ, մոտեցան փոքրիկ դաշնամուրին։ Բենը ժպտում էր, և Էմման, նկատելով նրա ժպիտը, մտածեց, թե կարո՞ղ է, արդյոք, երբևէ հասկանալ նրան։ Այդպես կքայլի նրա կողքով մի որոշ ժամանակ, կարծելով, թե հասկանում է, իսկ հետո, օրերից մի օր, կպարզվի, որ չի հասկացել։Բենը, հայացքը խոնարհած, կանգնել ու նայում էր դաշնամուրին։ «Նա հավանաբար դաշնամուրային լավ համերգ է լսել, ― ենթադրեց Էմման, ― և սիրում է այդ տիպի երաժշտությունը։ Ու ամեն անգամ դաշնամուրի ստեղնաշար տեսնելով կամ պարզապես որևէ դաշնամուրի կողքով անցնելիս, վերհիշում է լսած երաժշտությունը և մտովի նորից վերապրում այն»։― Նվագել գիտե՞ս, ― դարձյալ հարցրեց Էմման։Բենն իր շուրջը նայեց։ Վաճառողները, ինչպես երևում էր, զբաղված էին։― Ո՛չ, չգիտե՛մ, ― ասաց նա։Էմման տեսավ, թե ինչպես Բենի ձեռքերը գուրգուրանքով ձգվեցին դեպի սև ու սպիտակ ստեղները։ Ասես իսկական դաշնակահարի ձեռքեր լինեին, և այդ րոպեին մի տարօրինակ զգացում համակեց աղջկան, շուրջն ամեն ինչ արտասովոր թվաց նրան։ Նա հասկացավ, որ իր կողքին կանգնած է մեկը, որը երկար֊երկար ժամանակ է արդեն, ինչ փորձում է մի շատ լավ բան հայտնաբերել իր մեջ։ Բենի նման մարդը պետք է որ կարողանար դաշնամուր նվագել։Բենը մի քանի մեղմ ակորդ վերցրեց։ Ոչ ոք չէր մոտենում նրանց, և նա նույն դիրքով կանգնած, սկսեց անել այն, ինչը նրա բառերով ասած, դժվար թե նվագել կոչվի։Եվ Էմման հասկացավ, որ դա պարզապես հրաշալի է։Բենն ընդամենը կես րոպե նվագեց։― Հաճելի է հնչում, ― ասաց նա՝ նայելով Էմմային։― Իսկ իմ կարծիքով դու հրաշալի ես նվագում, ― ասաց Էմման։― Ես ամենևին ինձ նկատի չունեմ, ― ասաց Բենը։ ― Խոսքս դաշնամուրի մասին է։ Հոյակապ հնչեղություն ունի, չնայած այդքան փոքր է։Միջին տարիքի մի վաճառող մոտեցավ նրանց։― Ողջո՛ւյն, ― ասաց նա։― Ողջո՛ւյն, ― պատասխանեց Բենը։ ― Հոյակապ դաշնամուր է։― Այո, շատերին է դուր գալիս, ― ասաց վաճառողը։ ― Այս դաշնամուրը հրաշալի է հատկապես բնակարաններում դնելու համար։ Եվ բավականին շատ էլ վաճառում ենք։― Որքա՞ն է գինը, ― հարցրեց Բենը։― Երկու հարյուր քառասունինն ու հիսուն, ― ասաց վաճառողը։ ― Կարող եք, իհարկե, և մաս֊մաս վճարել։― Որտե՞ղ են պատրաստում, ― հարցրեց Բենը։― Ստույգ չգիտեմ։ Կարծեմ Ֆիլադելֆիայում։ Կարող եմ պարզել։― Մի անհանգստացեք, ― ասաց Բենը։ ― Դուք նվագո՞ւմ եք։― Ոչ, նվագել չգիտեմ։Վաճառողը նկատեց, որ Բենը ցանկություն ունի մի քիչ էլ նվագելու։― Խնդրե՛մ, դուք կարող եք էլի նվագել, ― ասաց նա։― Ես նվագել չգիտեմ։― Ես լսում էի, երբ դուք նվագում էիք։― Մի՞թե դա նվագել է։ Ես ոչ մի ձայնանիշ չգիտեմ։― Ինձ համար հաճելի էր լսել, ― ասաց վաճառողը։― Ինձ համար էլ, ― ասաց Էմման։ ― Որք՞ան պետք է մուծել առաջին անգամ։― Մոտ քառասուն֊հիսուն դոլար։ Դե, խնդրեմ, ― դարձավ նա Բենին, ― մի բան նվագեք։ Ես ուզում եմ լսել ձեզ։― Եթե սա մի հարմարավետ սենյակում լիներ, ― ասաց Բենը, ― կարող էի ժամերով նստել դաշնամուրի առջև։― Էլի, քիչ էլ նվագեք, ոչ ոք չի առարկի, ― փորձեց համոզել վաճառողը։Նա մոտեցրեց աթոռը, և Բենը նստեց ու սկսեց անել այն, ինչը, նրա բառերով ասած, դժվար թե նվագել կոչվեր։ Մի քանի վայրկյան նվագելու ինչ֊որ փորձեր արեց, այնուհետև երաժշտության նման մի բան գտավ և նվագեց մոտ երկու րոպե։ Վերջացնելու վրա էր, երբ երաժշտությունն ավելի մեղմ ու թախծալի դարձավ, և Բենն ավելի ու ավելի հմայվեց դաշնամուրով։ Նվագելու ժամանակ նա վաճառողի հետ խոսում էր դաշնամուրի մասին։ Հետո դադարեց նվագել ու ոտքի կանգնեց։― Երանի կարողանայի գնել, ― ասաց նա։ ― Շնորհակալություն։― Խնդրե՛մ, ― ասաց վաճառողը։Նրանք երկուսով դուրս եկան խանութից։ Փողոցում Էմման ասաց․― Իսկ ես ոչինչ չգիտեի․․․― Ինչի՞ մասին, ― հարցրեց Բենը։― Քո մասին։― Իսկ ի՞նչ չգիտեիր։― Դե․․․ որ դու այդպիսին ես։― Իմ նախաճաշելու ժամն է, ― ասաց Բենը։ ― Երեկոները ես միշտ մտածում եմ այն մասին, թե որքան լավ կլիներ, եթե դաշնամուր ունենայի։Նրանք մտան մի փոքրիկ ռեստորան, նստեցին վաճառասեղանի մոտ և բուտերբրոդներ ու սուրճ պատվիրեցին։― Որտե՞ղ ես նվագել սովորել, ― հարցրեց Էմման։― Եբեք էլ չեմ սովորել, ― ասաց Բենը։ ― Որտեղ որ դաշնամուր եմ տեսնում, փորձում եմ նվագել։ Նույնն էի անում, երբ դեռ պատանի էի։ Այ թե ինչ բան է փող չունենալը։Նա նայեց Էմմային ու ժպտաց այնպես, ինչպես ժպտում էր դաշնամուրի մոտ կանգնած՝ ստեղնաշարին նայելիս։ Էմման անչափ շոյված զգաց իրեն։― Երբ մարդ փող չունի, ― ասաց Բենը, ― զրկվում է շատ ու շատ բաներից, որոնք ունենալու իրավունքն ունի։― Այո՛, իսկապես այդպես է, ― ասաց Էմման։― Մի կողմից, ― ասաց Բենը, ― դա լավ է, բայց մյուս կողմից այնքան էլ լավ չի։ Իրականում նույնիսկ ահավոր է։Նա նորից նայեց Էմմային, ինչպես նախորդ անգամ, և Էմման ժպտաց նրան այնպես, ինչպես Բենն էր ժպտում իրեն։Նրանք դուրս եկան ռեստորանից, ոտքով անցան երկու թաղամաս և հասան հանրախանութ, որտեղ աշխատում էր Էմման։― Դե, առա՛յժմ, ― ասաց Բենը։― Ցտեսությո՛ւն, Բեն։
Բենը իջավ փողոցով, իսկ Էմման մտավ հանրախանութ։ Աղջիկը համոզված էր, որ, այսպես թե այնպես, ինչ֊որ մի օր Բենը դաշնամուր կունենա, ինչպես նաև՝ մնացած այն ամենը, ինչ այդքան ցանկանում է։

Խոնարհ աղջիկը / վերլուծություն

Գրականության դասին մեր կարդացած վերջին ստեղծագործությունը ինձ համար առանձնակիորեն տպավորիչ էր։ Ինձ համար պատմվածքի չբացահայտված և ամենահետաքրքիր կերպարներից մեկը Խոնարհն էր։ Աղջիկը շատ արագ, պատահական և անհայտ կերպով է հայտնվում պատմվածքում, և այդպիսի անհայտ կերպարով էլ մնում, քանի որ չկարողացա հասկանալ այդ կերպարի ասելիքը և, թե նրա կերպարը ինչ նշանակություն ունեցավ պատմվածքում։ Կերպարը իզուր չէ, որ Խոնարհ են անվանել, քանի որ աղջիկը հենց իր էությամբ խոնարհ է։ Պատմվածքի հերոսը սիրահարվել էր Խոնարհին, բայց ոչ մի կերպ չէր կարողանում այդ ամենի մասին ասել նրան։ Պատմվածքը կարդալով կարող ենք հասկանալ, որ աղջիկը նույնպես հավանում էր տղային, բայց նա նույնպես չէր ասում այդ ամենի մասին։ Հետաքրքիր, դրական կերպարներ էին Օհան ապերը, նրա կինը և թոռը, որոնց տանն էլ բնակվում էր հերոսը։ Կարծում եմ պատմվածքում և՛ աղջիկը, և՛ տղան սխալ էին, քանի որ նրանց փոքր սխալը ճակատագրական հետևանք ունեցավ երկուսի համար։ Եթե աղջիկը ասեր տղային իր զգացմունքների մասին, և նույնն էլ տղան, ու տղան ընդուներ աղջկա հոր հրավերը ամեն ինչ այլ կերպ կդասավորվեր։

Վիլյամ Սարոյան «Հրաշալի ձայնասկավառակը»

1921-ին, երբ ես արդեն տասներեք տարեկան էի, Ֆրեզնոյի կենտրոնից մի օր տուն էի դառնում` թևիս տակ մի «Վիկտոր» գրամոֆոն ու մի ձայնասկավառակ: Հեծանվով էի: Ցրիչի իմ անվերջ երթուդարձերը այդ հեծանիվը կերպարանքից բոլորովին գցել էին, իսկ գրամոֆոնի բռնակը փչանալ սկսեց առաջին տպագրությունից շատ չանցած: Իմ առաջին եվրոպական ուղևորության տարում` 1935-ին, գրամոֆոնը հանձնեցինք Փրկության բանակի ֆոնդին, բայց ձայնասկավառակը կա, մինչև օրս էլ պահպանում ու նրա նկատմամբ ամենաքնքուշ զգացումներ եմ տածում, որովհետև ամեն լսելով հիշում եմ, թե ինչ պատահեց, երբ տուն հասա խարխլված հեծանվով, նոր գրամոֆոնով ու մեկ հատիկ ձայնասկավառակով:

Գրամոֆոնն ինձ վրա նստել էր ուղիղ 10 դոլար, ձայնասկավառակը` 78 սենթ, գրպանիս 4 դոլար 25 սենթի հետ դա իմ առաջին աշխատավարձն էր: Մայրս աշխատում էր Գուգենհեմի խանութում և գործից նոր էր եկել, ու դեմքից լավ երևում էր , որ խաղողն այդ օր բաժանել էին երկուհարյուրգրամանոց տուփիկների, իսկ դա հարյուրգրամանոց տուփիկների բաժանելը չէր, հարյուրգրամանոց տուփիկները երբեմն նույնիսկ օրը չորս դոլար էին բերում, իսկ երկուհարյուրգրամանոցները, ինչքան էլ ջանայիր` մեկուկես, ամենաշատը երկու դոլար հազիվ էին տալիս: Այդ ժամանակ դա փող էր, մանավանդ եթե հաշվի առնվեր, որ նույնիսկ այդքանից էինք զրկվում, քանի որ ինչպես Գուգենհեմի, այնպես էլ Ռոզենբերգի, Ինդերիգենի խանութներում ու ամենուր, որտեղ չոր մրգեր էին տեսակավորում, աշխատանքը ժամանակավոր էր, միրգը վերջանալու հետ աշխատանքն ու աշխատավարձն էլ էին վերջանում:  Հրճվանքից շառագունած` գրամոֆոնը թևիս տակ տուն մտա ու դեմառդեմ ելա երկուհարյուրգրամանոցների ու սենթերի հոգսից տառապած մորս լուռ հայացքին: Նույնպես լուռ` գրամոֆոնը դրեցի հյուրասենյակի կլոր սեղանին` ստուգելու, թե ճանապարհին չի՞ վնասվել. չէր վնասվել, ամեն ինչ կարգին էր, երկու կողմից ռետինե սեղմիչներով ամրացված ձայնասկավառակը հանեցի լաթե ծրարից, նայեցի, շուռ տվի, նայեցի մյուս կողմը և հենց այդ ժամանակ նկատեցի, որ մայրիկն ուշադիր ինձ է հետևում: Իսկ երբ սկսեցի պտտել բռնակը, մայրիկը խիստ զուսպ, որը ինձ լավ հայտնի նրա խիստ անբավականության նշանն էր, սկսեց:
Սկսեց հայերեն.
-Վիլլի, չէի՞ր ասի` դա ինչ է:
-Սա գրամոֆոն է, գրամոֆոն են ասում:
-Վիլլի, քեզ որտեղի՞ց այդ գրամոֆոնը:
-Բրոդվեյի վրայի Շերման և Քլեյ խանութից:
-Վիլլի, դա քեզ գործակատարնե՞րը նվիրեցին:
— Ոչ, ես առա:
— Ու ինչքա՞ն տվեցիր, որ առար, տղաս:
-Տասը դոլար:
-Մեր տան համար տասը դոլարը փող է, Վիլլի, թե՞  դու տասը դոլարը փողոցից գտար:
-Ոչ,- ասացի ես,- գրամոֆոնի տասը դոլարն ու սկավառակի յոթանասունհինգ սենթը ես իմ աշխատավարձից տվեցի:
-Իսկ տան վարձի, ուտելու ու հագնելու համար ինչքա՞ն բերեցիր, Վիլլի:
-Մնացածը` չորս դոլար քսանհինգ սենթ: Ինձ տասնհինգ դոլար են վճարում:
Սկավառակը պտտվում էր, և ես ուզում էի արդեն ասեղն իջեցնել, երբ հասկացա, որ ծլկելու ամենաճիշտ պահն է: Վայրկյան իսկ չկորցնելով` հետնամուտքից բակ դուրս թռա:  Վրան մետաղացանց քաշած դուռը իմ ետևից շրխկաց և երկրորդ անգամ շրխկաց մայրիկի հետևից: Տան շուրջը վազքով մի լրիվ պտույտից հետո ես ինձ համար նշեցի, որ նախ` երեկոն գեղեցիկ է ու խաղաղ, ապա` Լևոն Քեմալյանի հայրը, մի շատ հարգված պարոն, փողոցի մյուս մայթին, իրենց տան առաջ կանգնել, բերանը բաց մեզ է նայում: Բերանը, հիմա ասեմ, ինչու էր բաց. առաջին` նա հայոց երիցական եկեղեցու ավագն էր, երկրորդ` մեզ նման բիթլիսցի չէր, երրորդ` Սարոյան չէր և այդպիսի տեսարանների սովոր չէր:
Մի բան հաստատ էր, որ հարգարժան Թագուհի Սարոյանն ու նրա որդին ամենևին էլ մաքուր օդ շնչելու ու մարզանքի չէին եկել, բայց թե ի՞նչ էր պատահել:
Վազելիս ես սիրալիր, ինչպես վայել է հարևանին, պարոն Քեմալյանին ողջունեցի, հետո շքամուտքով սուրացի հյուրասենյակ, իջեցրի ասեղը և նույն թափով ընկա ճաշասենյակ, այստեղից լավ կերևար, թե ինչ տպավորություն է թողնելու նվագը մայրիկի վրա, իսկ անհրաժեշտության դեպքում կարելի էր դուրս թռչել հետնամուտք ու այնտեղից` դարձյալ բակ:
Գրամոֆոնը սկսեց, և հենց նվագի հետ մայրիկը հյուրասենյակ ընկավ: Մի պահ նա կարծես շարունակում էր հետապնդումը, առանց նույնիսկ ուշք դարձնելու երաժշտությանը, բայց հանկարծ հետո կատարվեց այն, ինչը ինձ ստիպում է մինչև այսօր մասունքի պես պահել այդ ձայնասկավառակը:
Մայրս կանգ առավ` ոչ այն է շունչը տեղը գցելու, ոչ այն է նվագը լսելու. մինչև հիմա էլ չգիտեմ` մայրիկն ինչու կանգ առավ: Մեղեդին ծորում էր, ես հասկացա, որ մայրիկը որոշել է ինձ հանգիստ թողնել, ուրեմն կամ վազելու ուժ չուներ և կամ տարվել էր նվագով: Քիչ հետո զգացի, որ մայրիկն ուշադիր լսում է: Ես տեսա, թե նրա նրա դեմքից ինչպես է հեռանում հետապնդման մոլուցքը, և ինչպես է նա խաղաղվում երաժշտությունից: Ծղոտե հյուսկեն բազկաթոռը, որ հայրիկից էր մնացել, մայրս մոտեցրեց սեղանին: Հայրս մահացել էր 1911-ին ու մեզ այդպիսի վեց բազկաթոռ էր թողել: Զայրույթն ու հոգնությունը թոթափվեց մայրիկից. Սուրբ գրքում այդ մասին հիշատակված է, թե զայրացած մի թագավորի համար քնար էին նվագում:
Ես կանգնած էի հյուրասենյակի դռների մեջ: Երբ երաժշտությունը վերջացավ, մոտեցա սեղանին, բարձրացրի ասեղը և գրամոֆոնն անջատեցի:
Առանց ինձ նայելու` մայրս խոսեց, այս անգամ անգլերեն,- օլ ռայթ, թող մնա մեր տանը,- իսկ հետո հայերեն կիսաձայն խնդրեց,- մի անգամ էլ միացրու:
Ես գրամոֆոնն արագ լարեցի ու ասեղն իջեցրի սկավառակին: Մինչև վերջ լսելուց հետո մայրիկն ասաց.
-Հիմա ինձ սովորեցրու` ինչպես է լինում:
Ես սովորեցրի, և մայրիկը երրորդ անգամ ինքը միացրեց:
Իրոք որ հրաշալի նվագ էր: Քիչ առաջ նա զայրացած էր աշխատավարձս անիմաստ, իր կարծիքով անպետք իրի վրա ծախսելու համար, բայց ահա լսեց ու սիրեց երաժշտությունը, լսեց ու հասկացավ, որ փողը ծախսված է ոչ թե անիմաստ, այլ նույնիսկ շատ իմաստուն ձևով:
Ես նստեցի հյուրասենյակում  ու սկսեցի աչքի անցկացնել հայտագիրը, որ գրամոֆոնի հետ Շերման ու Քլեյ  խանութի վաճառողուհին էր տվել:
Մայրիկը վեց անգամ լսեց ձայնասկավառակը, հետո հարցրեց.
-Դու միայն մի՞ սկավառակ ես տուն բերել:
-Այո,-ասացի ես: — Բայց մյուս երեսին մի երգ  էլ կա:
Ես մոտեցա գրամոֆոնին ու զգուշորեն շրջեցի սկավառակը:
-Ասա, խնդրեմ, դա՞ ինչ երգ է,- հարցրեց անգլերեն:
-Սա «Հնդկացի հյուրի երգն» է, դեռ ես էլ չգիտեմ, խանութում միայն առաջին մասն եմ լսել`« Չիո-չիո սան»:
-Չիո-չիո սա՞ն: Ի՞նչ է նշանակում;
-Երևի ոչինչ էլ չի նշանակում, ուղղակի այդպես է: Ուզու՞մ ես հիմա էլ «Հնդկացու երգը»  դնեմ:
-Դիր,- ասաց:
Տնեցիք վերադառնում, դրսից լսում էին երգի ձայներըՙ մտնում հյուրասենյակ ու տեսնում սեղանին դրված բոլորովին նոր գրամոֆոնը և նրա դեմ` ծղոտի բազկաթոռում մտասուզված մայրիկին:
Ու ես հիմա ինչպե՞ս չգնահատեմ այդ ձայնասկավառակը, որ մորս միանգամից սիրել տվեց երգն ու երաժշտությունը և, կարծում եմ, մայրիկը հենց այդ օրվանից հասկացավ, որ իր որդին իզուր չի կյանքում որոշ բաներ փողից  ավելի  կարևոր համարում, առավել կարևոր, քան նույնիսկ  հացն ու ջուրը և տունն ու հագուստը:
Մի շաբաթ անց, երբ բոլորս սեղանի շուրջը իրիկնահացի էինք, մայրիկն ասաց, որ ժամանակն է ընդհանուր փողերով գնել երկրորդ ձայնասկավառակը և ցանկացավ իմանալ, թե խանութում ուրիշ ինչ կա: Ես նրա համար կարդացի հայտագիրը, բայց մայրիկը երգերի անուններից ոչինչ չհասկացավ ու ինձ վստահեց. խնդրեց խանութ գնալ ու վերցնել որևէ հրաշալի բան: Հենց այդպես հայերեն էլ ասաց` որևէ հրաշալի բան, մի լավ բան: Մայրիկի հանձնարարությունը ես, իհարկե, կատարեցի ուրախությամբ:
Հիմա` քառասուներկու տարի անց, լսում եմ այդ ձայնասկավառակը և ջանում հասկանալ, թե ինչ պատահեց  մայրիկին այն ժամանակ: Կարծում եմ` նրա սիրտը գերեցին ելևէջները, որ մայրիկին դիմեցին որպես հին ծանոթի, անսահման հարազատ մի մարդու:  Կլարնետի հնչյուններն ու բանջոյի ելևէջները ասես զրուցում էին ու հիշեցնում  անցյալը, անտրտունջ ընդունում ներկան, հույսեր կապում ապագայի հետ և մերթ մարում ու մերթ նոր ուժով թրթռում ճապոնուհու տխուր սիրո մասին, որին լքել էր ամերիկացի նավաստին, հոբոյը խոսում, ու սաքսոֆոնը տնքում էր թաքուն հուզմունքից…
Սկավառակն այսպես էր կոչվում` «Ֆոքստրոտ Ջ. Պուչինիի մեղեդիներով, Յուգո Ֆրեյի մշակմամբ, կատարում է նվագախումբը Պոլ Ուայթմենի ղեկավարությամբ.18.7.7.7.- Ա»:
Հետագայում, երբ տնեցիք զայրանում էին իմ հերթական անմիտ գնումի համար, մայրս միշտ իմ կողմն էր բռնում, մեղմորեն պաշտպանում ու արդարացնում  էր ինձ, մինչև համբերությունը հատնում ու ճչում էր.
-Տղային հանգիստ թողեք, ձեզ համար նա առևտրական չի:

Առաջադրանք

Ուրիշի ուղղակի խոսքը փոխակերպի՛ր անուղղակի խոսքի։

1․ – Այսպիսի երջանկության ես երբեք չեմ հանդիպել իմ կյանքում,- խոստովանեց Գարեգինը։

Գարեգինը խոստովանեց, որ այդպիսի երջանկության ինքը երբեք չի հանդիպել իր կյանքում։

2․ Դերասանն ասաց.
– Ես ստանձնեցի այս դերը, որպեսզի բեմից ասեմ այն, ինչ չեմ ասել կյանքում։

Դերասանն ասաց, որ ինքը ստանձնեց այդ դերը, որպեսզի բեմից ասի այն, ինչ չի ասել կյանքում։

3․ Ասատուրն ասաց.
– Բագրա՛տ, վաղուց էի քեզ փնտրում, որովհետեւ համոզված էի, որ դու ինձ համար կանես այն, ինչ պատանեկան տարիների բարեկամությունն է պարտադրում։

Ասատուրն ասաց Բագրատին, որ վաղուց էր նրան փնտրում, որորվհետև համոզված էր, որ նա իր համար կանի այն, ինչ պատանեկան տարիների բարեկամությունն է պարտադրում։

4․ Օտարազգի գիտնականը խոստովանեց.
– Վախենում էի, թե Հայաստանում կհանդիպեմ մի հինավուրց երկրի ծերացած ժողովրդի, բայց օր օրի համոզվում եմ, որ այս հնադարյան հողի վրա ապրում է կենսունակ մի ժողովուրդ։

Օտարազգի գիտնականը խոստովանեց, որ վախենում էր, թե Հայաստանում կհանդիպի մի հինավուրց երկրի ծերացած ժողովրդի, բայց օր օրի համոզվում է, որ այս հնադարյան հողի վրա ապրում է կենսունակ մի ժողովուրդ։

5․ Իսրայելն ասաց որդուն.
– Հրաշքի չպիտի սպասենք, մենք մեր ձեռքով պիտի փրկվենք, իսկ եթե մեռնենք՝ միայն հերոսի մահով։

Իսրայելն ասաց որդուն, որ հրաշքի չպիտի սպասեն, որ նրանք իրենց ձեռքով պիտի փրկվեն, իսկ եթե մեռնեն՝ միայն հերոսի մահով։

6․ – Առանց քեզ ես դժվար եմ պատկերացնում իմ երջանկությունը,- ասաց տղան Գոհարին։

Տղան ասաց Գոհարին, որ առանց նրա ինքը դժվար է պատկերացնում իր երջանկությունը։

7․ Հայրը մեղադրում էր որդուն․
– Դու փախչում ես քո մասնագիտությունից և քեզ արդարացնելու համար փորձում ես մեղավորներ փնտրել։

Հայրը մեղադրում էր որդուն, որ նա փախչում է իր մասնագիտությունից և իրեն արդարացնելու համար փորձում է մեղավորներ փնտրել։

8․ Վիկտոր Համբարձումյանը պատասխանեց․
– Երբ կարոտում եմ երկինքը, գալիս եմ Բյուրական, բայց ոչ թե աստղադիտակից եմ նայում, այլ նստում եմ տանս առջև ու հիանում երկնքով։

Վիկտոր Համբարձումյանը պատասխանեց, որ երբ կարոտում է երկինքը, գալիս է Բյուրական, բայց ոչ թե աստղադիտակից է նայում, այլ նստում է իր տան առջև ու հիանում երկնքով։

Դանիել Վարուժան

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
1884 – 1915

Արևմտահայ բանաստեղծությունը 20-րդ դարում ունեցավ երեք անմահ անուն. Միսաք Մեծարենց, Սիամանթո և Դանիել Վարուժան։ Եթե Մեծարենցը անմահացավ գյուղի, բնության ու սիրո զգացմունքների իր նուրբ տաղերով, Սիամանթոն՝ հերոսական կռվի հրավերներով ու հայկական կոտորածների ցավագին նվագներով, ապա Դանիել Վարուժանի ստեղծագործության էությունը եղավ գեղեցկության, ուժի ու աշխատանքի տարերքը։

Վարուժանի կյանքը թեպետ և ընդհատվեց երիտասարդ հասակում, բայց նա ստեղծեց հասարակական մեծ բովանդակության և գեղարվեստական կատարյալ ձևերի պոեզիա։ Նա հոգեկան մերձեցումներ ունեցավ համաշխարհային պոեզիայի խոշոր դեմքերի հետ, պահպանելով, սակայն, իր ստեղծագործության ազգային ոճն ու դրոշմը։ Այս բանը խոստովանել է նաև ինքը։ Խոսելով նաև վերածնության շրջանի իտալական և ֆլամանդական արվեստից կրած ազդեցության մասին, Վարուժանը միաժամանակ հատկապես ընդգծում է, որ իր վրձինը թաթախել է միայն հայրենի հողի «որդան կարմիրի» և «ծովածուփ արյան» մեջ։

Դանիել Վարուժանը (Դանիել Չպուքքարյան) ծնվել է 1884 թվականին, Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում։ Նա մեծացել է գեղեցիկ բնության մեջ, իրենց գյուղի գետեզերքներին թախծող ուռիների օրորի տակ։ Գիշերները մայրը որդուն պատմել է պանդխտության մեջ գտնվող հորից և նրա երևակայությունը բորբոքել թուրք ենիչերիների մասին արած պատմություններով։ Բնությունից ստացած երազային տպավորություններին խառնվել են կյանքի վշտերը։

Վարուժանը գրաճանաչ է դառնում գյուղի վարժարանում, իսկ 1896 թվականից ուսումը շարունակում է Պոլսում սկզբում Սագըղ Աղաջիի Մխիթարյան դպրոցում, ապա Քաղկեդոնի վարժարանում։

Պոլիսը երեխայի վրա ծանր տպավորություն է թողնում։ Նա տեսնում է սուլթան Համիդի կազմակերպած ջարդի հետքերը։ Այդ օրերի հալածյալներից էր նաև բանաստեղծի հայրը, որին հարազատները երկար ժամանակ որոնում և վերջապես գտնում են բանտում՝ շղթաների մեջ։ Տարիներ անց, «Հորս բանտին մեջ» ոտանավորում, Վարուժանը հիշում է՝

Դեռ փոքր էի, եկա քեզի մենավոր,
Մութ զընդանիդ մեջ այցի,
Մայրս հիվանդ էր, կը շրջեի ես ազատ
Մեջտեղը բանտի եւ մահճի։

Բանտարկյալ հորը նա պատմում է իրենց քաշած ծանր կյանքի մասին, տատը մահացել է, մայրը հիվանդ է և խուլ հազում է, չորացել են պարտեզի վարդենիները, ավերվել է հայրական օջախը։

Հայրը մի կերպ ազատվում է բանտից և աշխատում Պոլսի իջևանատներից մեկում։ Դպրոցական արձակուրդները պատանին անց է կացնում հոր մոտ և ականատես դառնում պանդուխտների տառապալի կյանքին։ «Արձակուրդներս ընդհանրապես անցած են հորս քով, Խավյար Խանը, հայ պանդուխտներու հառաչանքներուն և վերքերու տրոփյունին ունկնդիր», — գրել է բանաստեղծը։

1902 թվականին Վարուժանը տեղափոխվում է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան դպրոցը։ Բանաստեղծին գերում են Վերածնության շրջանի նկարչության ու քանդակագործության կոթողները իրենց առողջ և հյութեղ ռեալիզմով։ Նա հափշտակությամբ ընթերցում է նշանավոր գրողների երկերը, հատկապես տարվում է ռուս հանճարեղ գրող Լև Տոլստոյի և ֆրանսիացի մեծ մտածող Ժան-Ժակ Ռուսոյի գաղափարներով։

Վարուժանն առանձին սիրով ուսումնասիրում է Հայաստանի պատմությունը, հայ հին ու նոր գրականությունը։ Վենետիկում էլ նա գրում է առաջին բանաստեղծությունները՝ պանդուխտների կյանքի և 1896 թ. ջարդերի թեմաներով։

1905 թվականին բանաստեղծը մեկնում է Բելգիա և ընդունվում Գենտի համալսարանը։ Ուսանողական տարիները էական դեր են խաղում. նա սովորում է հասարակական և քաղաքական գիտություններ, ուսումնասիրում գրականություն և սոցիալական ուսմունքներ։

Վարուժանի գեղագիտական հայացքների ձևավորմանը նպաստում է նաև ֆլամանդացիների (բելգիացիների) բարձր կուլտուրան. նա խորազնին ուսումնասիրում է 17-18-րդ դարերի ռեալիստական նկարչությունը և տարվում 20-րդ դարի հռչակավոր բանաստեղծ էմիլ Վերհարնի պոեզիայով։

Ստանալով բարձրագույն կրթություն, բանաստեղծը 1909-ին վերադառնում է ծննդավայր։ Երկու տարի ուսուցչություն է անում Սեբաստիայի Արամյան վարժարանում, ապա 1911-ին տեղափոխվում Եվդոկիայի (Թոքատի) ազգային ճեմարան։ 1912-ին Վարուժանը հրավիրվում է Պոլսի Բերայի վարժարան՝ տեսչի պաշտոնով։

Այս տարիներին Վարուժանի բանաստեղծությունները լայն ճանաչման են արժանանում։ Նա դառնում է Պոլսի գրական շրջանների ազդեցիկ դեմքերից մեկը, գրական հավաքույթների ոգին։ Տասը տարվա ընթացքում բանաստեղծը գրում է չորս գիրք՝ «Սարսուռներ», «Ցեղին սիրտը», «Հեթանոս երգեր» և «Հացին երգը»։ Գրում է նաև նոթեր, հոդվածներ, կատարում է թարգմանություններ։

1915 թվականն էր։ Վարուժանը շարունակում էր լրացնել գյուղի չքնաղ երգերի՝ «Հացին երգի» շարքը, պատրաստվում էր գրել «Հայկական հոմերագիրք» ժողովածուն, ուր պետք է տեղավորեր հին հայկական առասպելների ու ավանդությունների մշակումները, երազում էր ամբողջովին մշակել «Սասնա ծռեր» ժողովրդական էպոսը։

Բայց վրա հասավ արյունալի աղետը։ Արտերը ներկվում էին արյունով։ Բանաստեղծի խոսքերով ասած կյանքը մորթվում էր արտերի մեջ, միտքը՝ գանգի մեջ։ Այս ողբերգական օրերի զոհերից մեկը եղավ Վարուժանը։ Թուրք մարդասպանները աքսորի ճանապարհին, Չանղըրի քաղաքի մոտ մի ձորում հոշոտեցին 31-ամյա բանաստեղծին։


Դանիել Վարուժանի նամակը մորը՝ Թագուհի Պաղտիկյան-Չպուքքեարեանին, «1903թ., նոյեմբեր, Վենետիկ»

Անուշակ մայրիկ,
Ձեր ձեռնագրով՝ Ձեր նամակը ինծի անակնկալ մ’եղաւ, քաղցր անակնկալ մը: ասկէ վերջ պիտի գրեք, այնպես չէ՞, քանի որ Ձեր սրտէն՝ ալ մէ՜կ կտորը միայն պանդխտութեան մեջ է:
Մեծ ջանքով մը գրերնիդ կարդացի. թուղթը՝ մեյ մը աջ դարձնելով, մէյ մը ձախ, և քիչ մըն ալ մարգարէանալով. այս ջանքը քաղցր էր ինձի, ինչպես Ձեր յիշատակը քաղցր է, և ինչպես դուք ամենաքաղցր էք:
Իմ գալուստս կ’երազէք, հէ՞. աղօթք ըրէք, սիրելի մայր, աղօթք ըրէք. ա՛յդ ալ կ’ըլլայ:
Եղբօրս կրթութիւնը հօրս թողուցէք, դուք միայն սիրեցէք զինքը և խնամեցէք: Երջանի՜կ է այն մանուկը՝ երբ կրթող հայր մ’ունի և խնամող մայր մը, ըսածս գիտեմ:
…. Մնաք բարով, սիրելիներ. Ձեր ծիծաղի և արցունքի ժամերուն մեջ զիս մի մոռնաք:

Մնաք բարով՝
Ձերդ
«Դ. Չպուքքեարեան»


ԱՐԱՔՍԻ ԹԱՇՃԵԱՆԻՆ

7-17 մայիս, 1910, Սեբաստիա

Սիրելի օրիորդ,

Խորհելով, որ դու ճնշման տակ հրաժարեր ես ինձմէ, ես միշտ կ՚ըսեմ, թէ քեզ ընդմիշտ կը սիրեմ, վասնզի սիրտիս վրայ ամբողջ տիեզերքը եւ Աստուած ինք չկրնար ճնշել։ Արդ քեզ սիրելս իմ սրտիս գաղտնիքն է այժմ, ոչ ոք իրաւունք ունի այլեւս ձեռք երկարելու ատոր եւ քննելու։ Միայն կ՚ըսեմ քու անձիդ մասին եւ միշտ ալ ըսեր եմ, որ դու ազատ ես սիրել կամ չսիրել զիս: Այժմ, որ չես սիրեր, ես քեզ հանդարտ կը ձգեմ ընդմիշտ եւ ոեւէ կերպով այլեւս իրաւունք չունիմ հետապնդել քու սէրդ ասկէ վերջ։ Մնաս բարով. սէրը զոյգ մը ծաղիկ է, դու քուկդ խամրեցիր, ես իմս կը ծածկեմ վհին մէջ սրտիս։


«Դու գիտցիր, որ քեզ մոռանալն անկարելի է, մահս նույնիսկ քեզ համար աչքս առած կը պտըտիմ խևի պես, միշտ նայելով նկարիդ վրա, հազիվ կրնամ զսպել արցունքս և մերթ ընդ մերթ ալ արցունքներովս և համբույրներովս կը ողողեմ զայն»:

– ԱՐԱՔՍԻ ԹԱՇՃԵԱՆ

Ի պատասխան բանաստեղծը գրում է․

14 յուլիս, 1910 թ․, աստ

Իմ հզօր եւ քաղցր Արաքսի,

Այսօր նամակդ ստացայ։ Եւ համոզուեցայ, որ դու չես փոխուած եւ այդպէս յեղյեղուկ մտքի տէր մէկը չես։ Այս քանի մը օրս դժոխային տառապանքներ կրած եմ, երբ ուզեցին ինծի համոզել. թէ արդէն Արաքսին խօսակցութիւններ ունեցած է ծանօթ պարոնին հետ եւ իր խօսքը տուած։ Վերջապէս նամակդ եկաւ վերջ դնել թէ՛ զրպարտութիւններուն եւ թէ այն վէրքին, որ սրտիս մէջ ժամէ ժամ կը լայննար։Նամակդ՝ որքան սիրով զեղուն, այնքան էլ յուսահատական էր։ Չէ՛, սիրելիս, պէտք չես վհատիր-ուժեղ բռնէ սիրտդ եւ կամքդ։ Ես արդէն կը գործեմ կոր, հանգիստ եղիր։ Վալիին դիմելը սխալ միջոց մըն է։ Այն պաշտօնական մարդ մը, որքան որ իրաւ զիս կը սիրէ, սակայն թէ՛ իր միջամտութիւնը մեզի անպատուաբեր կ՚ըլլայ եւ թէ մեծ արդիւնք մըն ալ չունանար։ Միակ միջոցը սկսած ենք ծրագրել. միայն թէ դու քու ինկած դերիդ մէջ անվեհեր, քաջ, ճարտար եւ պաղարիւն գտնուիս։ Այդ միակ միջոցն է փախուստը, միւս բոլոր օրինական միջոցները ի դերեւ ելած են հօրդ քով ու քու մօտաւոր ազգականներուդ քով. որ քեզ ուզած են այդ երիտասարդին տալով՝ շահեր ապահովել։ Նախ ըսէ. 1) հաւա՞ն ես փախչելու, 2) միջոցներ ունի՞ս։ Կ՚իմանանք, որ ձեր պարտեզէն դուռ մը ունիք, որ փողոցին վրայ կը բացուի. գիշեր մը (յետոյ ժամը կ՚որոշենք), այդ տեղ կրնա՞ս գալ եւ սպասել, որ քեզ մէկը (ես կամ ուրիշ մը) փոխադրէ կառքի մը մէջ, եւ մենք կ՚երթանք արդէն՝ ուր որ ծրագրուած է եւ հոն կը պսակուինք։ Ահա միակ միջոցը, ամէն ինչ անօգուտ է ասկէ զատ, զի ծնողքդ ողորմելի խորհողներ են, մեր ոճրագործները եւ ուրիշներուն շահերուն գործիչները, որոնք կարծես քեզ երդուեր են ծախել։ Խորհէ, վճռէ. իմ կողմէս ջանքեր չի խնայուիր գործը լաւ կազմակերպելու համար։ Նամակներդ, մանաւանդ այս վերջինդ, որոշ ըլլայ եւ ամենայն ապահովութեամբ ինծի ղրկուի։ Այժմ այսչափ։ Համբուրելով արցունքոտ աչքերդ, համբուրելով սիրտդ, որ ինծի համար համայն տիեզերքին արեւն է եւ միայն ոմանց համար չնչին ծախու քսակ մը։ Յաղթանակը մերն է, զինուէ ամբողջ ջղերովդ միշտ քուկդ։

– ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ


Արաքսիին որոշում են նշանադրել։ Այդ օրը Արաքսին կարճ նամակ է գրում Վարուժանին․

«Ոչ ոք կրնա բաժնել զիս իմ սիրած ու պաշտած Վարուժանեն»:

Բանաստեղծը ընկերներից մեկի միջոցով երկտողը ցույց է տալիս Արաքսիի փեսացուին։ Կարդալով նամակը՝ փեսացուն հուզվում է և երջանկություն մաղթում Դանիելին և Արաքսուն։ Շուտով գյուղում կատարվում է նաև սիրահարների ուրախ, հարսանիքը։

Վերլուծություն

Աստղկան սայլը։ Համաստեղ
Մեր կարմիր եզը
Կաթիդ փարան չմոռանաս, մամա

Այս երեք պատմվածքները բոլորովին նման չեն և միակ ընդհանրությունը այն է, որ գրված են արևմտահայերենով։ Ամենահեշտ կարդացվողը այս երեքից ինձ համար վերջինն էր։ Ամենաշատը հավանեցի «Աստղական սայլը», քանի որ գրված էր շատ գեղեցիկ ձևով։ Հեղինակը հակադրում էր 2 կերպարների՝ բանաստեղծի և ձկնորսի։ Բանաստեղծը զգացմունքային էր, գեղեցկությունը գնահատող ու երազկոտ, իսկ ձկնորսը` չոր, ագահ ու փողով առաջնորդվող։ Ամենասիրելի պահը ինձ համար պատմվածքում այն էր, որ բանաստեղծը ի վերջո, երբ մահացավ, շրջապատված էր աստղերով ու ինչպես միշտ երազել էր խաղաց աստղերի հետ։
«Մեր կարմիր եզը» պատմվածքում հեղինակը եզանը դարձնում էր ասես մարդկային մի կերպար ու նկարագրում էր եզանը։ Հետաքրքիր է այն, որ համարյա ոչ ոք երբեք այդպես հոգատարությամբ ու սիրով չէր արտահայտվի եզան վերաբերյալ։ Չնայած, որ այդ եզն է, որ շատերին և իրենց ընտանիքներին պահում է։ Կարծում եմ, որ կարելի է այս երկու պատմվածքներից սովորել գնահատել գեղեցիկը։
«Կաթիդ փարան չմոռանաս, մամա» ստեղծագործությունը երեխայի անշնորհք ու անշնորհակալ վերաբերմունքի մասին է մոր նկատմամբ։ Մարդիկ հեռանալով իրենց ընտանիքից դրսում մոռանում են սերը ու ձեռք են բերում անտարբերություն, ինչը և պատմվածքում ներկայացված է ամենատխուր կերպ։