Ավտոմեքենա

Ավտոմեքենան կամ ինքնաշարժը սեփական շարժիչով տրանսպորտի միջոց է: Այն լայնորեն տարածված է ողջ աշխարհում, թեև ընդամենը 2 հարյուրամյակի պատմություն ունի:

Քամու կամ մարդու մկանային ուժով շարժման մեջ դրվող սայլակների ստեղծման փորձեր կատարվել են շատ վաղուց: Մարդիկ մտածում էին նաև այնպիսի սայլ ստեղծել, որը շարժվեր ինքնիրեն՝ առանց ձիերի: XVIII դարի 2-րդ կեսին շոգեմեքենայի հայտնագործումը դրդեց ֆրանսիացի ճարտարագետ Կյունոյին սայլի վրա շոգեմեքենա դնել, և 1769 թ-ին նա ստեղծեց առաջին շոգեավտոմեքենան, որը, սակայն, շատ ծանր էր: Ավտոմեքենայի լայն օգտագործումը՝ որպես տրանսպորտի միջոց, սկսվեց ներքին այրման շարժիչի երևան գալուց (1880 թ.) հետո: 1886 թ-ին գերմանացի գյուտարար Կարլ Բենցը շարժիչ հարմարեցրեց եռանիվ կառքին, որն ընդունված է համարել առաջին իսկական ավտոմեքենան: Դրանից հետո գերմանացի ճարտարագետ Գոտլիբ Դայմլերը և Կարլ Բենցը ստեղծեցին քառանիվ ավտոմեքենաներ:

Ավտոմեքենաշինության արշալույսին մեքենաները բաց էին` ծածկ չունեին: Առաջին ավտոմեքենաները նաև շատ թանկ էին, և միայն 1907 թ-ին Հենրի Ֆորդը ԱՄՆ-ի Դետրոյտ քաղաքում սկսեց հարահոս եղանակով թողարկել «Մոդել T» նոր ավտոմեքենան, որն անհամեմատ էժան էր: Ոչ թանկ ավտոմեքենաների մեծ ընտրություն կար արդեն 1920-ական թվականների վերջերին: Հատկապես մեծ պահանջարկ ունեին փակ թափքով մոդելները:

Սկզբում ավտոմեքենաները նախատեսված էին միայն ուղևորների համար, այնուհետև դրանցով սկսեցին նաև բեռներ փոխադրել: Բենզինային շարժիչով բեռնատարներն առաջին անգամ թողարկվեցին 1900-ական թվականներին: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914–18) դրանք լայնորեն օգտագործվում էին բեռնափոխադրության համար: 1920-ական թվականներին ստեղծվեցին հուսալի և հզոր դիզելային շարժիչներ, որոնք բեռնատարներում կիրառվում են մինչ օրս:

1960-ական թվականներին սկսեցին ավտոմեքենաների վրա տեղադրել էլեկտրոնային սարքավորումներ: Ներկայումս էլեկտրոնային համակարգով ղեկավարվող շարժիչով ավտոմեքենան գրեթե 2 անգամ ավելի խնայողական է, քան կես դար առաջ: 1990-ական թվականներից ավտոմեքենաների բազմաթիվ խոշորագույն արտադրողներ ձեռնամուխ են եղել էլեկտրամոբիլների արտադրությանը: Ստեղծվել են նաև արևի էներգիայով աշխատող մեքենաներ: 

«Բենց» առաջին եռանիվ ավտոմեքենան (Գերմանիա, 1886 թ.)
Գոտլիբ Դայմլերի առաջին քառանիվ ավտոմեքենան (Գերմանիա, 1886 թ.)
Միջքաղաքային ավտոբուս
Ապագայի` արևի էներգիայով սնվող  ավտոմեքենա

Մարդատար ավտոմեքենաներ

Ներկայումս աշխարհում հաշվվում է ավելի քան 500 մլն մարդատար ավտոմեքենա, և ամեն տարի արտադրվում են ևս 50 մլն նորերը: Դրանք ամենատարբեր ձևերի ու չափերի են: Մարդատար ավտոմեքենաների մեծ մասը քառանիվ է, կան նաև եռանվավորները, իսկ մոդելներից մեկն ունի նույնիսկ 26 անիվ:Մարդատար ավտոմեքենաները լինում են փակ թափքերով՝ սեդան, լիմուզին, կուպե, ունիվերսալ, և վերևից բացվող թափքերով՝ կաբրիոլետ, ֆաետոն, լանդո նմուշների:

Բազմանպատակ ավտոմեքենաները, որոնց անվանում են նաև զբոսամեքենաներ, ամենատարողունակն են: Լիմուզինները խոշոր, շքեղ ավտոմոբիլներ են, որոնցով երթևեկում են շատ հարուստ մարդիկ: Դրանք օգտագործվում են նաև հանդիսավոր իրադարձությունների ժամանակ, օրինակ՝ հարսանիքներում: Փոքրալիտրաժները ոչ մեծ ավտոմեքենաներ են, որոնք առավել խնայողական են և ունեն բարձր մանևրայնություն: Մեքենաների մեծ մասը 2 տանող անիվներով է (հետևի կամ առջևի): Սակայն կան և այնպիսիները, որոնցում տանող են բոլոր 4 անիվները, օրինակ` ջիփ, Նիվա և այլն: Այսպիսի քառահաղորդակ ավտոմեքենաները նախատեսված են դժվարանցանելի ճանապարհներով երթևեկելու համար:

Բեռնատարներ և ավտոբուսներ

Բեռնատարները և ավտոբուսներն ավտոճանապարհներով ծանր բեռներ ու մեծաքանակ ուղևորներ տեղափոխող տրանսպորտային խոշոր միջոցներ են: Ավտոբուսները մարդկանց փոխադրում են տեղական երթուղիներով, բայց կան նաև հեռավոր տարածությունների երթուղային ավտոբուսներ, որոնք հանդերձված են երկարատև ճանապարհորդության համար նախատեսված բոլոր հարմարություններով:Ամենածանր բեռնատարների քաշը հասնում է 40 տ-ի, իսկ անիվների թիվը՝ 16-ի: Բեռնատարների մեծ մասի վրա տեղադրված են դիզելային շարժիչներ: Բեռնատարները կազմված են վարորդի խցիկից և շրջանակից (շասսի), որի վրա, ըստ նշանակման, ամրացված են տարբեր տեսակի թափքեր: 

Հատուկ ավտոմեքենաներ

Պարզվում է` ավտոմեքենաները կարող են տարբեր «մասնագիտություններ» ունենալ: Կան հրշեջ ու սանիտարական, փոստային և շինարարական, ռազմական ու մարտական ավտոմեքենաներ: Կան նաև բեռներ բեռնաթափող (ինքնաթափներ), գլանատակառներով (ցիստեռն) հեղուկներ և սառնարաններով սառեցրած մթերք տեղափոխող (սառնավտո) մեքենաներ: Դրանցից մի քանիսն ապշեցնում են իրենց չափերով և հզորությամբ՝ կարող են տեղափոխել 60–70 տ բեռ: Կան նաև ավտոգնացքներ, որոնք իսկական հսկաներ են. միանգամից փոխադրում են 120 տ բեռ: Դրանք աշխատում են խոշոր կառույցներում և բաց հանքերում, փոխադրում են հող, խիճ, հանքաքար: 

Ավտոմեքենայի անվտանգությունը

Ժամանակակից ավտոմեքենաները ստեղծվում են առավելագույն անվտանգության հաշվարկով: Ուղեվորասրահը նախագծվում է այնպես, որ այն չձևախախտվի, երբ վթարից ավտոմեքենայի թափարգելն ու բեռնախցիկը ճզմվեն: Անվտանգության գոտիների օգտագործումը պարտադիր է: Հատուկ փականներով հանդերձված դռներն ընթացքի ժամանակ չեն բացվում: Մեքենայի պատուհանների ապակիները ջարդվելիս բեկորներ չեն առաջացնում: Դռների մեջ տեղադրված մետաղաձողերն ուղևորներին պահպանում են կողային հարվածներից: Արգելակային հատուկ համակարգը թույլ չի տալիս, որ ավտոմեքենան շրջվի: Շատ մեքենաներում այսօր օգտագործվում են օդային բարձիկներ: Վթարի դեպքում դրանք ակնթարթորեն փչվում են օդով, թուլացնում հարվածի ուժը և ուղևորներին առավելագույնս պահպանում վնասվածքներից: 

Ավտոմեքենաների առաջացրած աղտոտումը

Ավտոմեքենաների շարժիչներն արտանետում են բանեցված գազեր, որոնք աղտոտում են շրջապատի օդային միջավայրը: Շարժիչի աշխատանքից առաջացած ամենավնասակար գազերից մեկը ածխածնի երկօքսիդն է: Թեև այն թունավոր չէ, սակայն արտանետվելով մթնոլորտ՝ նպաստում է ջերմոցային էֆեկտի խորացմանը և Երկրի համընդհանուր տաքացմանը:

Բենզինով աշխատող շարժիչները կարող են արտանետել նաև չայրված վառելանյութի, հատկապես թունավոր ածխածնի օքսիդի փոքր քանակություններ, ինչպես նաև այնպիսի միացություններ, ինչպիսիք են ազոտի օքսիդները, որոնք քաղաքում առաջացնում են սմոգ՝ ծխամշուշ: Այսօր բենզինային շարժիչների վրա տեղադրում են կատալիզային զտիչներ (կոնվերտերներ), որոնք թունավոր գազերը փոխարկում են ավելի անվտանգ ածխածնի երկօքսիդի և ջրի:

Դիզելային շարժիչներով բեռնատարներին ու ավտոբուսներին կատալիզային զտիչներ հարկավոր չեն, սակայն դրանց արտանետած գազերում պարունակվում են մրի մանրագույն մասնիկներ, որոնք վնասակար են մարդու թոքերի համար: Որպես կանոն՝ քիչ վառելիք ծախսող ավտոմեքենաները քիչ էլ գազեր են արտանետում: Վառելիքն ավելի խնայողաբար ծախսելու համար ավտոմեքենան պետք է լինի հնարավորինս թեթև ու շրջահոսելի: Շրջակա միջավայրի աղտոտումը նվազեցնելու նպատակով խորհուրդ չի տրվում նաև երթևեկել մեծ արագությամբ: Իսկ ավելի լավ է երբեմն մեքենան թողնել տանը և քայլել ոտքով, երթևեկել հեծանվով, ավտոբուսով կամ տրոլեյբուսով:

  • Աշխարհում ամենաերկար ավտոմեքենան պատրաստվել է ԱՄՆ-ում՝ հատուկ պատվերով: Դրա երկարությունը 30 մ է, ունի 26 անիվ, իսկ հետնամասում տեղադրված է ոչ մեծ լողավազան: 
  • Ավտոմեքենաշինության ողջ պատմության ընթացքում ամենահանրաճանաչը «Ֆոլկսվագեն-Բիթլ» ավտոմեքենան է: Վաճառվել է այդ մակնիշի ավելի քան 20 մլն ավտոմեքենա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *