Տավուշի մարզ

Մարզկենտրոնը՝ Իջևան քաղաք:

Տարածքը 2 704 քառ. կմ է:
Բնակչությունը` 124.5 հազար (2017-ի հունվարի 1-ի դրությամբ)

Տավուշի մարզը կազմավորվել է 1995 թվականի ապրիլին: Անվանումն ստացել է Տավուշ բերդի անունից: Տավուշի մարզը իր մեջ ներառում է Մեծ Հայքի 3 աշխարհների գավառներ ու գավառամասեր։

Մարզի տարածքի հյուսիսային մասը (Նոյեմբերյանի տարածաշրջան) հիմնականում համապատասխանում է Գուգարքի Կողբափոր, կենտրոնական և արևմտյան մասերը՝ (Իջևանի տարածաշրջան)՝ Կայեն և Կանգարք գավառներին։ Հարավային մասը՝ (Դիլիջանի տարածաշրջան) մտել է Այրարատ աշխարհի Վարաժնունիք գավառի մեջ, իսկ արևելյան մասերի՝ (Բերդի տարածաշրջան) բնակավայրերն ու հնավայրերը հիշատակվում են Ուտիք աշխարհի Աղվե և Տուչքատակ գավառներում։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո կազմել է Ելիզավետպոլի նահանգի, 1920-30-ին’ Հայաստանի Լոռի-Փամբակի ու Դիլիջանի գավառների մաս: 1930-ին տարածքում կազմավորվորվել են Իջևանի և Շամշադինի, 1937-ին’ Նոյեմբերյանի վարչական. շրջանները:

Մարզը ներառված է Հայաստանյաց առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի կազմում, աթոռանիստը Վանաձորի Սբ Աստվա­ծածին եկեղեցին է:

 Մարզը հարավում սահմանակից է ՀՀ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերին, արևմուտքում՝ ՀՀ Լոռիի մարզին, հյուսիսում պետական սահմանով` Վրաստանին, և արևելքում՝ Ադրբեջանին։

Բնական պայմանները և հարստությունը

Մարզը տարածվում է Փոքր Կովկասի լեռնաշղթաների արտաքին շարի վրա (Վիրահայոց, Գուգարաց և Միափորի լեռներ):

Տավուշ

 Ծովի մակարդակին ամենամոտ կետը (ՀՀ ռելիեֆի ամենացածր կետը) գտնվում է Դեբեդավան գյուղի մոտ` 390մ, ամենաբարձր կետը Միափորի լեռնաշղթայի Մուրղուզ լեռն է` 2 993 մ: Մարզի տարածքը մի մասը գնվում է ցածրադիր գոտում (հիմնականում Բագրատաշենի տարածաշրջան), իսկ մյուս մասը միջին և բարձրադիր գոտիներում, 2000 մ բարձրությունից ավել են գտնվում մարզի ընդհանուր տարածքի5-10%, իսկ ցածրադիր գոտին կազմում է մարզիտարածքի մոտ 15%-ը:

Տավուշի տարածքով հոսում են բազմաթիվ մեծ և փոքր գետեր.Աղստևը’ Բլդան, Հաղարծին, Գետիկ, Սառնաջուր վտակնե­րով, Դեբեդը, Բաղանիսը, Ոսկեպարը, Կողբը ևն: Բնական լիճը` Դիլիջանի մոտ գտնվող Պարզ լիճն է: Այստեղ են գտնվում Ջողազի, Հախումի, Տավուշի, Այգեձորի և Իջևանի արհեստական ջրամբարները: Ջողազի ջրամբարը չի օգտագործվում սահմանային լինելու պատճառով, մնացած ջրամբարները ևս սահմանային են և մասամբ են օգտագործվում:

 Մարզում արդյունաբերական նշանակություն ունեն բենտոնիտային կավը, կրաքարերը, վիմագրական քարը, դոլոմիտը, բազալտը, ֆելզիտը, ցեոլիտը,ոսկին, ածուխը և այլն, որոնցից հիմնականում արդյունահանվում է Նոյեմբերյանի ֆելզիտը, ցեոլիտը, բազալտը, բենտոնիտային փոշին այն էլ ոչ մեծ ծավալներով: Աղստև գետի հովիտը հարուստ է հանքային ջրերով, որտեղ կազմակերպված է դրանց արտադրությունը:

Տավուշ


 Մարզում գոյություն ունեն օգտակար հանածոների պաշարներ, որոնք դեռևս վերջնական ուսումնասիրված չէն, դրանցից են ոսկին, պղինձը, քարածուխը:

 Մարզը գտնվում է ՀՀ չափավոր խոնավ տարածաշրջանում։ Տեղումների քանակը տարեկան հասնում է 500-600 մմ-ի: Արևափայլքի տարեկան տևողությունը 1900-2000 ժամ է: Ամառները լինում են տաք, ձմեռները՝ մեղմ։

Տավուշ

 Մարզի ընդհանուր մակերեսի 40.3%-ը զբաղեցնում են խառն անտառները, որոնք աչքի են ընկնում բուսական և կենդանական աշխարհի բազմազանությամբ: Մարզի անտառները կազմում են հանրապետության անտառային տարածքների 38%-ը: Բնության պահպանության, հարստացման և տեղ. պայմաններում նոր տեսակների ներդրման նպատակով Աղստևի ավազանում ստեղծվել են հատուկ պահպանվող տարածքներ [Դիլիջանի ազգային պարկը, Իջևանի անտառ-պուրակը (դենդրոպարկ), Արջատխլենու, Գանձաքարի, Ախնաբաթի արգելավայրերը]:

 Տավուշը գտնվում է սեյսմիկ ռիսկային գոտում: Այստեղ առկա են մի շարք սողանքային գոտիներ/Հաղարծին, Գոշ, Հովքում, Վազաշենում, Աչաջուր, Գետահովիտ, Ակնաղբյուր, Այրում, Գանձաքար/, որոնք ազդում են ինչպես մարզի զարգացման, այնպես էլ միջպետական, մարզային ու տեղական նշանակության ավտոճանապարհների բնականոն աշխատանքի վրա։

Բնակչությունը

Տավուշի մարզը հանդիսանում է Հայաստանի ոչ խիտ բնակեցված մարզերից մեկը, բնակչության խտությունը կազմում է 46 մարդ/1 ք.կմ: Մարզում բնակվում է շուրջ 124.5 հազար մարդ /01.01.2017թ./, կամ ՀՀ բնակչության 4.2 %-ը: Մարզի քաղաքային բնակչությունը՝ 5 քաղաքներով, կազմում է 52.5 հ հազար մարդ կամ 42.2%: Գյուղական բնակչությունը  կազմում է 72.0 հազար մարդ կամ 57.8%: Բնակչության թվաքանակում տղամարդիկ կազմում են  ընդհանուր բնակչության նկատմամբ` 48.9%, իսկ կանայք` 51.1%-ը:

Տավուշ

 Բնակչության տարիքային կազմի տեսանկյունից մարզի բնակչությունը հարաբերականորեն ավելի երիտասարդ է հանրապետական ցուցանիշից՝ մինչև 15 տարեկան բնակիչները 19% են կազմում: 63ից ավել տարիք ունեցողները կազմում են բնակչության 13%-ը:Մարզի բնակչության շուրջ 58% գյուղական բնակչություն է, միևնույն ժամանակ մարզի բնակչության շուրջ 30% կուտակված է 2 բնակավայրերում՝ Իջևան և Դիլիջան քաղաքներում։

Տավուշ

 Ազգաբնակչության 99,4%-ը հայ են, մեծագույն մասը՝ Հայաստանյան առաքելական եկեղեցու հետևորդ: Մարզում բնակվում են նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ` հիմնականում ռուսներ (0.4%),  որոնք բնակվում են ինչպես խառը’ հայերի հետ, այնպես էլ առանձին գյուղերում: Նրանց մեծ մասը տիրապետությմ է նաև հայերենի: Ոուս բնակչության գրեթը կեսը մոլոկան է: Բացի ռուսներից մարզում բնակվում են նաև ուկրաինացիներ, հույներ և այլ ազգերի ներկայացուցչիներ (0,1%): 

Հայազգի բնակչության զգալի մասը բնիկ տավուշցիներ են. կան կաև Արցախից և Գարդմանքից տեղափոխվածների (տարահանվածների) սերունդներ, որոնք եկել են այստեղ դեռ XVII-XIX դարերում: Տեղափոխվածները կամ հիմնում էին նոր գյուղեր կամ էլ վերականգնում նախկինում լքված կամ ավերված հայկական բնակավայրերը:

 Քաղաքային համայնքների թիվը`   5 համայնք /Իջևան, Այրում, Բերդ, Դիլիջան և Նոյեմբերյան / 
Գյուղական համայնքների թիվը` 35 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   61 բնակավայր

Մարզի տնտեսությունը և հասարակական կյանքը

 ՀՀ Տավուշի մարզը հանրապետության գյուղատնտեսական մարզերից է: Անասնաբուծության մեջ առաջատար ճյուղեր են համարվում խոշոր եղջերավոր անասնաբուծությունն ու խոզաբուծությունը, իսկ բուսաբուծության մեջ` հացահատիկային մշակաբույսերի մշակությունն ու խաղողագործությունը: Վերջին տարիներին զարգացում է ապրում նաև մեղվաբուծությունը:

Տավուշ

 Մարզի տնտեսության առաջատար ճյուղը մշակող արդյունաբերությունն է: Առավել գերակշռող են սննդի արդյունաբերությունը և փայտամշակումը: Մարզում արտադրվող արդյունաբերական արտադրանքից արտաքին շուկա են հանվում գինիներ, պահածոներ, հանքային ջուր, քարե և փայտե, վերջերս նաև տեքստիլ արտադրատեսակներ:

 Մարզի համար կարևոր ոլորտ է հանդիսանում նաև զբոսաշրջությունը: Մարզի և հատկապես Աղստևի հովտի բնակլիմայական պայմանները չափազանց նպաստավոր են բնակչության հանգստի կազմակերպման, առողջության վերականգնման և միջազգային տուրիզմի զարգացման համար: Իջևան քաղաքից 7 կմ հեռավորության վրա գտնվող Ենոքավան գյուղում գործում է Հայաստանում նախադեպը չունեցող էքսթրիմի և զվարճանքների պարկը՝ աշխարհի ամենաերկար ճոպանագծով (զիփլայն):

Տավուշ

 Մարզի զարգացվածությունը անհամաչափ է, մասնավորապես աչքի է ընկնում Դիլիջան քաղաքի զարգացման տեմպերը, որտեղ են կենտրոնացված մարզի հիմնական հյուրանոցային հզորությունները, որը կապված զբոսաշրջության, ֆինանսական կառույցների մասնաճյուղերի բացման և նոր ուսումնական հաստատությունների հիմնադրման հետ։

 Մարզի 47 բնակավայրեր սահմանամերձ են Ադրբեջանին և ունեն ռազմավարական կարևոր նշանակություն՝ մշտապես կրելով պատերազմական իրադարձությունների հետևանքներ: Դրանով է պայմանավորված նաև այդ բնակավայրերի քիչ բնակեցվածությունն ու տնտեսապես թույլ զարգացվածությունը:

2017թ. մարզի տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակը կազմել է ընդհանուր բնակչության 65,3 %-ը: Մարզում գործազրկության մակարդակը զգալիորեն ավելի ցածր է քան միջին հանրապետական ցուցանիշը, սակայն այդ ցուցանիշը երիտասարդության համար զգալիորեն ավելի բարձր է քան միջին հանրապետական և հարակից մարզերի ցուցանիշը։ Աղքատության մակարդակը մարզի բնակչության 35,3 % է:

Տրանսպորտ և կապ

 Տավուշի մարզով են  անցնում 152.6կմ միջպետական նշանակության ավտոճանապարհները կամ Հանրապետության միջպետական ավտոճանապարհային ցանցի 10 %-ը, որը ավտոտրանսպորտային կապ է ապահովում թե հարևան Վրաստանի, թե հարակից մարզերի հետ: Միջպետական փոխադրումներն իրականացվում են Երևան – Սևան – Իջևան – Նոյեմբերյան – Բագրատաշեն ավտոճանապարհով և ակտիվորեն օգտագործվում է մարզում գտնվող Բագրատաշենի մաքսակետը:

Տավուշ

  Հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների երկարությունը մարզում 148.0 կմ է,  մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների՝ 389.4 կմ:

 Աղստևի ձորով է անցնում Իջևան – Հրազդան երկաթուղու 70 կմ-ոց հատվածը (ներկայումս չի գործում): Հյուսիսային սահմանի երկայնքով, Դեբեդի ափով անցնում է Երևան –Թբիլիսի երկաթուղու 7 կմ-ոց հատվածը, որը շահագործվում է: Մարզում է գտնվում Այրումի երկաթուղային կայարանը:

 Մարզում առկա է Այգեպարի և Բագրատաշենի օդանավակայանները, որոնք չեն գործում:

Տավուշի  տեսարժան վայրեր
Տավուշ

 ՀՀ Տավուշի մարզը հարուստ է ինչպես բնական մեծ ժառանգությամբ՝ գեղատեսիլ ձորեր, ջրվեժներ, քարափներ, սարավանդներ, բացատներ, բնական ջրամբարներ, քարայրներ, եզակի ծառատեսակների պուրակներ, տարաշխարհիկ ծառեր և թփեր, այնպես էլ մարզին մի ուրույն գեղեցկություն և գրավչություն հաղորդող անձեռակերտ բնության հրաշալիքներին համահունչ բնակիչների կողմից կերտված պատմաճարտարապետական հուշարձաններով:

Մարզի տարածքում հաշվառված է 1996 պատմամշակութային հուշարձան: Այստեղ հայտնաբերված են տարբեր ժամանակաշրջանների կիկլոպյան ամրոցներ, մասնավորապես մ.թ.ա. V –  I  հազարամյակների հնավայրեր, կոթողներ (Նոյեմբերյան, Բաղանիս, Ենոքավան, Գանձաքար), միջնադարյան քարանձավային բնակավայր Լաստիվերում, ինչպես նաև վաղ, միջին և ուշ միջնադարյան վանական համալիրներ, փոքրիկ մատուռներ, խաչքարեր և գերեզմանաքարեր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *