Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թադևոսի Թումանյան ՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքում։

Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչեւ 1893թ)։

Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում “Բանաստեղծություններ” հավաքածուի (1-2 հատոր, 1890-1892) լույս տեսնելուց հետո։ Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսին են «Մարոն» (1887, հրատարակվել է 1892թ), «Լոռեցի Սաքոն» (1889, հրատարակվել է 1890թ), «Անուշ» ողբերգությունը (1890, հրատարակվել է 1892թ)։

Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝ «Թմկաբերդի առումը» (1902, հրտ. 1905թ) հիմնված է ժողովրդական առասպելի վրա, ինչպես նաեւ «Ախթամար», «Փարվանա», «Սասունցի Դավիթ» պոեմները, «Մի կաթիլ մեղր» հեքիաթը։

1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է “Վերնատուն” գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։

XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական գործիչ։ 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է (1908 եւ 1911) ու բանտ նետվում:

1912–1921 թթ.՝ Հայ գրողների կովկասյան միության նախագահն է։ Արդեն Հայքի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանին օգնության կոմիտեի նախագահ (1921-22)։

Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում։


Դստեր` Նվարդի հուշերից

Հայրիկը երեխաների անունները դնում էր հատուկ խնամքով: Հիշում եմ, նորածին աղջկա Սեդա անունը գտնելու համար պատմական գրքեր էր նայում, և կարծեմ 19-րդ դարի իշխանուհու անուն է: Լևոն Շանթին այդ անունը շատ դուր եկավ և նա էլ այդ անունով իր «Հին աստվածների» հերոսուհուն կնքեց:
Մեր անուններից երեքը Թաֆֆու «Սամվելից» է առնված` Մուշեղ,Աշխեն, Նվարդ: Արեգի անունը դրել է Ղազարոս Աղայանը. հայրիկն Աղայանին գրել էր, թե մի երեխա էլ ավելացավ, և ստացել պատասխան. թե աղջիկ է, անունը դիր Արեգնազան, թե տղա է` Արեգ:
Մյուս տղաների անունները` Արտավազդ և Համլիկ, հայրիկն իր դրամաներից է վերցրել:
***
Հայրիկը շատ հոգատար էր տասը երեխաներից ամեն մեկի հանդեպ: Երբ մեկը հիվանդանում էր` մոտենում էր գրկում, գուրգուրում, տաքությունն իմանում, հետո հարցնում. «Սիրուն ջան, ի՞նչ ես ուզում որ բերեմ…»: Երբ ասում էինք` ոչինչ, բացականչում էր. «Պա´հ, էդ ինչ դժվար բան ուզեցիր. ես ոչինչը ո՞րտեղից գտնեմ…»:
Գնում էր և վերադարձին հետը բերում էր նարինջ, Գանձակի խաղող կամ խնձոր: Սովորաբար դա ձմեռն էր լինում, երբ հիվանդանում էինք անգինայով: Իսկ առհասարակ, քիչ էինք հիվանդանում:
***
Մարդու զարգացման գործում ընթերցանությանը, ինքնակրթությանը, զրույցին, անձնական շփումներին ավելի մեծ տեղ էր տալիս, քան դպրոցին:  Հաճախ էր ասում. «Մեր տունը ձեզ համալսարան»: Եվ իրոք, մեր տունը մի համալսարան էր հայրիկի ճոխ գրադարանով, նշանավոր հյուրերով, իմաստուն զրույցներով, ժամանակի իրականության հետ ունեցած լայն շփումներով: Շատ էր ուզում, որ երեխաները դառնան նուրբ և ազնիվ ճաշակի տեր մարդիկ:
Ասում էր.-Ամենից շատ ինձ մարդու անճաշակ լինելն է բարկացնում: Ամենագլխավորը կյանքում` ճաշակն է: Ճաշակը կյանքի բույրն է:
***
Հսկող աչք էր, սիրող ձեռք և գթառատ սիրտ:
***
Բնավորությամբ պարզ էր, լավատես ու ժպտուն, ամեն ինչ հեշտացնող, հեշտ ու թեթև տանող, բայց իր վիշտն ու ցավը տանում էր վարագուրած, անտրտունջ: Նույնիսկ մտերիմ մարդիկ չգիտեին նրա հոգսերն ու տառապանքները:  Եվ իր անձնական, ընտանեկան և գրական կյանքի բոլոր դժվարություններն ու նեղությունները տարել, հաղթահարել է մեն-մենակ:
Նրա հայտնի քեֆերն ու ժամանցներն ասես ինքնամոռացման միջոցներ էին, խաբում էր և´ իրեն, և´ ուրիշներին. «…Ուզում եմ մի կերպ ժամանակն անց կացնել, քեֆի մեջ լինի, թե զրույցի»:
«Իմ ուրախության ժամերին մասնակից եմ անում բոլորին, իսկ իմ արցունքներն ու վիշտը հայտնի են միայն ինձ»,- Կարլեյլի այս խոսքը հայրիկը կարող էր ասել իր մասին:
Շատ ոգևորվող էր և ուրիշներին էլ ոգևորող, տրամադրող:
Շատ էր տպավորվող, զգայուն. մի փոքրիկ լավ վերաբերմունք բավական էր, որ ջերմանար, ուրախանար և ընդհակառակը` վատ վերաբերմունքից` նեղանար, փակվեր, հեռանար:
***
Գրական միջավայրի մեծ հաշտեցնողն ու հուսադրողն էր: Ամեն ընդհարում, գժտություն կարողանում էր մեղմացնել, վերացնել: Այդ գիծը ժառանգել էր հորից: Մերձավորներն ասում էին` նա զարմանալի կերպով կարողանում էր իրար դեմ լարված կողմերը հաշտեցնել, հանգստացնել, ներդաշնակություն, խաղաղ տրամադրություն ստեղծել:
Շնորհիվ իր ներքին տակտի, վարվեցողության եղանակի ու ձևի, նրան հաջողվում էր մոտ բարեկամական կապեր հաստատել ռուս, ադրբեջանցի, վրացի և այլազգի գործիչների, գրողների, արվեստագետների հետ, թեկուզև նոր ծանոթ լիներ, կամ դիմացինի լեզուն չիմանար, ինչպես այդ հաճախ պատահում էր զանազան տեղերից եկած հյուրերի հետ, նրանց հետ թարգմանի միջոցով կարողանում էր մտերմանալ և բարեկամանալ:
Կարողանում էր իրար հետ գժտված մարդկանց հաշտեցնել. Նման դեպքեր եղել են ոչ միայն մեր գրողների, այլև վրաց գրողների կյանքից:
Օրինակ մի դեպք, որը հանրահայտ է: Ղազարոս Ազայանը և Պերճ Պռոշյանը գժտված էին և տարիներով իրարից խռով: Հայրիկը շատ էր ուզում նրանց հաշտեցնել: Մի կիրակի օր, առավոտը, Պռոշյանը հյուր է գալիս Թումանյանին, և այդ օրը, ինչպես միշտ, Աղայանը ճաշին պետք է լիներ Թումանյանի մոտ: Թումանյանը Պռոշյանին զբաղեցնում է մինչև ճաշի ժամը, ու Ղ.Աղայանը գալիս է: Ճաշում են միասին և այդ օրը երեքով միասին նկարվում են, հաշտությունը հավերժացնում այդ լուսանկարով:
***
Հայրիկը Աղայանից հետո մտերիմ ընկեր , կարելի է ասել, չունեցավ: Անդրանիկը այն սակավաթիվ մարդկանցից էր, որ առաջին հանդիպումին ընկերական մտերմության կամուրջ ստեղծեց իրենց միջև:
Նա մեծ հայրենասեր էր և ժողովրդասեր: Խառնվածքով ժողովրդական մարդ էր, հասարակ, շատ հասարակ մարդ, ջերմ սրտի տեր: Ժողովրդական ավանդությունների, առակների շտեմարան էր, լավ պատմող էր, զրույց անող և իր զրույցներով ու հետաքրքրիր պատմություններով գրավել էր հայրիկին, որի մեջ լավ զրույց անողի, պատմողի սերը շատ էր ուժեղ:
Նրանց մտերմացնող հանգամանքներից մեկն էլ հայ ժողովրդի ծանր վիճակն էր: Երկուսին էլ մտահոգում էր ժողովրդի ճակատագիրը, հատկապես 1915-1916 թվականներին: Երկուսն էլ քննադատորեն էին վերաբերվում դաշնակցությանը: Շատ հարցերում նրանց տեսակետները համընկնում էին: Երկուսն էլ օպոզիցիոն դիրք էին բռնել դեպի ազգային խորհուրդը: Քանի-քանի երեկոներ մինչև ուշ գիշեր նստած զրույց էին անում, խոսում քաղաքական գործիչներից, դժգոհում, վրդովվում ու ջղայնանում…
-Հա է´, հա~…-ասում էին ու շարունակում իրենց խոսքը:
Անդրանիկն արտաքուստ  խիստ արտահայտություն ուներ, խոժոռ էր, մի քիչ էլ կոշտ դիմագծերով: Բայց երբ ժպտում էր, մեղմանում էր նրա դեմքը, պայծառանում և մանկական արտահայտություն ստանում: Ունենալով այդպիսի նկարագիր, կյանքում փնտրում էր հակառակը` նուրբը, մեղմը, գեղեցիկը: Նրան ձգում էր, գրավում էր կանացի քնքշությունը: Հիշում եմ, այդ ժամանակ Թիֆլիսում, Գոլովինսկի պողոտայում, Արտիստական թատրոնի մոտ բացվել էր «Чашка чая» կաֆե: Այնտեղ տեսել էր մի ջահել, սիրուն աղջկա, որ մատուցողներից էր: Անդրանիկի վրա մեծ տպավորություն էր արել այդ աղջկա նազանքը, նուրբ ու կիրթ շարժումները: Մի անգամ ասաց . «Այդ աղջիկը իր նազանքով զիս կվառե, հոգիս կհանե…»:
***
Վրաց պոետներն ու գրողները առանձին ակնածանքով էին վերաբերվում հայրիկին: Երբ նրա հետ անցնում էինք Դվարցովայա փողոցով, վրացիները հեռվից տեսնելով նրան, մոտենում էին, կանգնում, ողջունում. “Привет Арарату!”: Իսկ երբ մեր տան մոտովն էին անցնում, գիշեր լիներ թե ցերեկ, հայրիկին դուրս էին կանչում պատշգամբ, ողջունում էին, մի ջերմ խոսք ասում` անցնում կամ ուղղակի բարձրանում էին տուն, իրեն մոտ:
***
1916 թվականին հունվարյան ցուրտ օրերը կյանքում ու գրականության մեջ մնացին որպես տոնական ջերմ օրեր` բրյուսովյան օրեր:
Առաջին անգամն էր, որ ռուս նշանավոր գործիչ այնքան ջերմ խոսքեր էր ասում և այնքան բարձր գնահատական տալիս հայոց գրականությանը:
Բրյուսովը բացառիկ ընդունելություն ու վերաբերմունք գտավ ինչպես Բաքվում, այնպես էլ Թիֆլիսում, ապա և Երևանում: Պողոս Մակինցյանը, որ դասատուի պաշտոնով Երևանում էր, Բրյուսովի գալու առթիվ Թիֆլիս էր եկել, մասնակցելու այդ օրերին:
Բրյուսովի առաջին դասախոսության մասին հայտարարված էր թերթերում և աֆիշներում: Տոմսերը վաճառվում էին Թիֆլիսի «Чашка чая» կաֆեում: Հենց առաջին օրը բոլոր տոմսերը սպառվեցին:
Բրյուսովի գալու օրը` հունվարի 12-ին, մի խումբ գրական-հասարակական գործիչներ հայրիկի առաջնորդությամբ գնացին կայարան: Բրյուսովը կնոջ` Յոհաննա Մատվեևնայի հետ էր. դիմավորեցինք ծաղկեփնջերով, ծանոթացանք: Եկանք «Гранд отель» հյուրանոցը /Գոլովինսկի պողոտա/: Հայրիկը նախորոք վերցրել էր երկու սենյականոց լավագույն համարն այդ առաջնակարգ հյուրանոցում: Մի կարճ ժամանակ հյուրանոցում մնալուց հետո, հայրիկը նրանց ընթրիքի հրավիրեց մեր տուն: Մոտը փող չուներ, Մակինցյանից պարտք վերցրեց: Տանն էլ նախօրոք ոչինչ չէինք պատրաստել, բայց հայրիկը ամենայն հանգստությամբ հյուրերին ու դիմավորողներին ընթրիքի հրավիրեց: Գնացինք Պուշկինի փողոցի շուկան, գնումներ արինք, բերինք տուն: Ժամը 9-ին հյուրերը եկան: Երեկոն անցավ ջերմ ու հետաքրքիր:
Մյուս օրը` հունվարի 19-ին, Արտիստական թատրոնում Բրյուսովը դասախոսություն կարդաց հայ պոեզիայի մասին, որը գտավ բացառիկ ընդունելություն: Նույն օրը, ի պատիվ Բրյուսովի, շքեղ բանկետ տրվեց. հարյուրից ավելի հյուրեր կային. թամադան հայրիկն էր:
Հաջորդ օրը Բրյուսովը մեկնեց Երևան:
***
Մրգի սիրահար էր, ամեն տեսակի միրգ էր գնում, շատ էր սիրում խնձոր և ընկույզ: Մի օր ընկույզ էր առել` ամբողջ մի պարկ. բերին տուն, քանի կոտրեցինք` փուչ դուրս եկավ: Հարցրինք, թե` հայրիկ, ինչու՞ չէիր փորձում, հետո առնում, թե` մի հինգը կոտրեցի, բոլորը փուչ դուրս եկան, ասի ուրեմն մնացածը լավը կլինի. ծախողն էլ մի խեղճ մարդ էր, ուզում էր ծախի, շուտ տուն գնա, ասում էր երեխեքս սոված են. մեղքս եկավ` վերցրի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *