Առաջադրանք

Մշո բարբառով առակը փոխադրել գրական հայերենի։

Ուղտն ու գառները

Ձմռանը գառները մակաղել էին գոմում։
Դուռը զարկեցին։
– Այն ո՞վ է,- ձայն տվեցին գառները։
– Ճամփորդ եմ, հեռու տեղից եմ գալիս, դուրսն էլ շատ ցուրտ է, հոգնած եմ, ոտքս ցավում է, մանավանդ, որ ոտքիս քամի է խփում, սառելուց չի շարժվում, փայտացել է։ Ձեր հոր ու մոր հոգուն մեռնեմ, դուռը մի քիչ բացեք, ոտքս տաքացնեմ:
Գառները խորհրդակցեցին։
– Բացենք, թե՞ չբացենք․ բացենք,- ասացին,- խեղճ է, թող մի ոտքը ներս մտցնի, տաքանա, մեզ դրանից ի՞նչ վնաս կլինի:
Դուռը բացվեց  և դևը մի ոտքը մտցրեց ներս:
– Տեսա՞ք գառնուկնե’ր, ոչ մի վնաս չտվեցի, թողեք մյուս ոտքս էլ մտցնեմ: Մեկ ոտքը ոչինչ չարեց` երկրորդն էլ չի անի:
– Ճիշտ է,- ասացին,- մեկ ոտքը, որ վնաս չտվեց՝ երկուսն էլ չի տա։
Եվ դուռը կիսաբաց արին, ոտքերը, գլուխը և մարմնի կեսը ներս մտցրեց, մեկ էլ տեսան, որ դուռն ու ծխնիները մեջքին կախ՝ ներս մտավ, քանիսին ոտքերի տակ ճզմեց, երբ նստեց` քանիսը տակը մնացին, քանիսը փախան, գոմը մնաց ուղտին:

Մի մարդու քաղաքը / Վերլուծություն

Մարդիկ կերպարներ են` իրարից շատ տարբեր, բայց միևնույն ժամանակ նման, խառը ու արտաքինից բավականին հասարակ կամ չափազանց անհասկանալի։ Շատերին ենք առաջին հայացքից քննադատում ու շատերի մասին սխալ կարծիք կազմում հենց այս չափանիշներից դրդված։ Մարդիկ, որ իրենց մեջ մի ամբողջ կյանք են թաքցնում՝ ուր քչերն են կարողանում թափանցել, բոլորավին չեն գնահատվում՝ թվալով հասարակ ու զզվելի։ Փակ էր և ծերուկը․ կարծես տարիներով փակվել էր իր մեջ ու այլևս ելք չուներ։ Սակայն բարի էր ու անկեղծ ու դա նկատվեց իր և հեղինակի ծանոթության հենց առաջին օրվանից։
Ներկայացվում էր որպես գրիչ վաճառող, ապրուստի փող հայթայթող մեկը, որ նաև սիրում էր կարդալը ու արվեստը։ Կարծում եմ նաև հետաքրքիր է այն փաստը, որ բոլոր արվեստասեր մարդիկ ինչ-որ նույնատիպ հետաքրքրություն ունեն իրենց մեջ։ Այս ստեղծագործությունը շատ ընդհանրություններ ուներ «Պուճուր մարդը» պատմվածքի հետ և հենց առաջինը հերոսների նմանություններն էին։ Երկուսնել փոքր էին, բայց մեծ, երկուսն էլ մենակ էին ու երբ այլևս չկային՝ սիրված։ Վերնագրերն են սակայն մի քիչ տարբեր․ «Պուճուր մարդու» դեպքում մեզ հեղինակը ասես պատրաստում է մի թույլ մարդու հետ ծանոթության ու իրականում ստեղծում ուժեղ մի կերպար, իսկ այստեղ գլխավոր հերոսին նվիրում մի ամբողջ քաղաք։

ՊՈՒՃՈՒՐ ՄԱՐԴԸ / Վերլուծություն

Պատմվածքը հստակորեն ներկայացնում է մարդկանց տարբեր բնավորության գծեր ու զգացմունքներ, ինչպիսիք են օրինակ՝ բարությունը, պատասխանատվությունը, համեստությունը, ամոթի զգացումը և այլն։ Զարմանալի է այն փաստը, որ նույնիսկ այս կարճ ստեղծագործության մեջ, մեկ է, հասցնում ես կապվել կերպարներին ու սիրել նրանց։ Պուճուր մարդը առանձնանում է մեծահոգությամբ ու իր արած գործի հանդեպ սիրով։ Զարմանալի է, թե ինչպես մարդիկ կարող են լինել և՛ խելագար ու փոթորկոտ, և՛ հանգիստ ու մեծահոգի։ Պուճուր մարդը հենց այդպիսին էր, և մարդ էր, որ ապրում է իր արվեստով՝ արվեստով, որ քչերն են հասկանում․․․ Միգուցե միայն հենց իր բնույթի մարդիկ, ովքեր ամեն ինչ տալիս են և վերցնում շատ քիչ։ Ինձ համար անհասկանալի է, թե ինչու է նրա անունը հենց Պուճուր, որը կարելի է հասկանալ ինչպես թույլ։ Բայց մի պահ անգամ չես կասկածում, որ նա ուճեղ է և պատրաստ է այդպես մնալ մինչև ամենավատ օրեր ու պայքարել։ Հետաքրքիր է, որ ինչպես իր կտավները, այնպես էլ Պուճուր մարդը, ինչ-որ ձգող բան ունի իր մեջ, յուրահատուկ մի բան, որ միայն հարազատ մարդկանց մեջ ես գտնում։ Արտաքինից նա հասարակ է, հասարակ են նաև իր տխուր ամպերը, բայց հասարակի հետ մեկ տեղ դրանք յուրահատուկ են ու «խելագար» այդ մարդուն բնորոշող։ Ասես իր այդ բոլոր անհասկանալիորեն գրավիչ, բայց միևնույն ժամանակ ոչ այնքան գեղեցիկ նկարները հենց ինքն էին, որ կային։ Ձմեռը, այնուամենայնիվ, մի բան կոտրեց ծերուկի այդ պայծառ հոգում, երբ նա նկարել էր մի ուրախ նկար, ու թվում էր, թե ամեն ինչ լավ է դառնում։ Երանի այդ աշունը երկար տևեր․․․

ՀԻՍՈՒՍԻ ԿԱՏՈՒՆ / Վերլուծություն

Պատմվածքը մեզ ծանոթացնում է մի շարք կերպարների, որոնք չափից դուրս իրական են թվում։ Կարդալիս, իսկապես, ասես զգաս այն ամենը, ինչ կատարվում է և ուզենաս ընկերություն անել Նարեկի հետ, գոնե միայն նրան գրկել կարողանալու համար։ Նրա կերպարը հիշեցնում է ինձ ամենահոգեհարազատ կերպարներից մեկին՝ Յուլիսիսին Սարոյանի «Մարդկային կատագերգություն» ստեղծագործությունից։ Նարեկը առանձնանում է իր մեծահոգությամբ և համեստությամբ, ինչը նկատվում է հատկապես այն ժամանակ, երբ նրա ընկերները նետում են կատվին գետը և նա, առանց ինչ-որ բան ասելու, վազում է իր կատվին փրկելու։ Հետո էլ բան չի անում կատարվածի առիթով, այլ ուղղակի դուրս է գալիս դպրոցից։ Այս ամենը հասկանալի է դարձնում այն փաստը, որ Նարեկը դարձել է եկեղեցական, որպեսզի օգնի մարդկանց հավատալ և լինել բարի։ Երկրորդ գեղեցիկ կերպարներից է Նարեկի մայրը, ով անչափ հոգատար է և հասկացող։ Նրա այս բնավորության գծերը նկատվում են, երբ նա պատրաստ էր ամեն անգամ գալ դպրոց և ուսուցիչներին հանդիպել, որպեսզի հոգ տանեն իր տղայի մասին։ Նաև առանձնակի գրավիչ է, թե ինչպես է հեղինակը՝ Գրիգը նկարագրում Նարեկի մոր ձեռքերը՝ տանջված ու ծեր, ասես դա մեկ այլ ձև էր մեզ փոխանցելու, թե ինչպիսին է նա՝ առանձ որևէ բառերի։ Ի վերջո մարդու արտաքինից շատ բան կարելի է հասկանալ։ Ցանկանում եմ անդրադառնալ նաև երրորդ կարևոր կերպարին՝ Կարենին։ Շատերը կարող են տեսնել նրան, ինչպես վատը և բացասական, սակայն ես բոլորովին համաձայն չեմ։ Կարծում եմ, որ նա գնահատող է ու այդպիսին քչերն են, որ կան։ Կարենը նույնիսկ ինքը չգիտեր, թե ինչու էր շնորհակալություն հայտնում Նարեկից պատմվածքի վերջում, բայց եթե այդ դեպքը չլիներ ու Նարեկը չգտնվեր այդ չափ համեստ երևի թե Կարենն էլ կլիներ շատ տարբեր մեկը։ Զարմանալի է, թե ինչպիսի ազդեցություն ունի միջավայրը բոլորիս վրա՝ հատկապես դպրոցական տարիներին։ Ցանկացածին, որ հանդիպում ես ասես ունի իրենից մի մաս քեզ նվիրելու կամ քո մեջ փոխելու։ Երբ մեկը հեռանում է կյանքիցդ, կարելի է վստահ լինել, որ իրենից մի մաս մնացել է քո մեջ և շնորհակալ լինել դրա համար։

Գրիգոր Զոհրապ

«Զաբուղոն»

Վերլուծություն
«Զաբուղոն» նովելը սիրո մասին էր և թե ինչպիսի ցավ այն կարող է պատճառել, եթե փոխադարձ չէ։ Զաբուղոնը ներկայացվում էր որպես գող, սակայն նա չէր գողանում իր սեփական անձի համար, այլ ցանկանում էր ամեն անգամ տեսնելով անմատչելի մի տուն՝ կարողանալ մի բան գողանալ այնտեղից։ Հերոսը նույնիսկ պատրաստ էր վերադարձնել իր գողացած իրերը, եթե չլիներ բռնվելու վախը։ Սկզբում ինձ թվաց, թե ստեղծագործությունը կլինի ամեն ինչ, բայց ոչ սիրային, սակայն հանկարծ, երբ իմանում ենք, որ գլխավոր հերոսը նշանված է Վասիլիկ անունով մեկի հետ, սկսում ենք հասկանալ, թե ինչն է, իսկապես, հերոսի միակ կյանքի շարժիչ ուժը՝ պայքարելու, գոյատևելու համար, քանի որ, ինչպես նշվում է, նա այլևս ոչինչ չուներ։ Ամեն երեկո Զաբուղոնը սպասում էր իր և Վասիլիկի հանդիպմանը ու չէր նկատում, որ նա իրեն չի սիրում։ Վասիլիկը կլիներ դրական կերպար, եթե դեմ առ դեմ գար իր զգացմունքներին և խոստովաներ, որ այլևս նույնը չի զգում Զաբուղոնի հանդեպ, բայց փոխարենը նա մատնեց նրան ու հանձնեց ոստիկանությանը։ Վասիլիկը կարող է հավանում էր, սակայն հանուն իր սիրո պատրաստ չէր լինի անել այն ամենը` ինչը իրական սերը ստիպում էր Զաբուղոնին անել։ Իսկապես ցավալի է մտածելը այն մասին, որ Զաբուղոնը այսքան տրվելով այն միակին, որ ուներ, մի վայկյանում ամեն ինչ կորցնում է։ Սերը կարող է լինել ամենագեղեցիկ բանը այս աշխարհում ՝ ինչպես լուսնի լույսի տակ ամենօրյա սպասված հանդիպումը և միևնույն ժամանակ չնկատելը, թե ինչպես է քո միակ գոյատևելու հույսը լքում քեզ հավերժ․․․

Գրիգոր Զահրապ «Կապիկը»

Վերլուծություն

Ստեղծագործությունը յուրահատուկ է նրանով, որ ներկայացնում է զգացմունքը` որպես ոչ միայն մարդուն, այլև կենդանուն հասանելի մի բան։ Մենք տեսնում ենք սերը, խանդը և տանջանքը կապիկի տեսանկյունից ու նկատում, որ այն բոլորովին չի տարբերվում մարդու զգացմունքներից․ նույնքան հզոր է և նույնքան կարևոր։ Հեղինակը տեսնում է և նկարագրում կենդանուն՝ ինչպես հենց մարդու, սակայն ես կարծում եմ, որ կենդանիները ոչ միայն մարդկանց հավասար են, այլ նաև շատ անգամ ավելին։ Կենդանիները բոլորովին եսասեր չեն և սիրում են անվերապահորեն՝ առանց որևէ սպասումի։ Նովելը կարդալը մի փոքր դժվար էր, գրված է արևմտահայերեն, սակայն Զոհրապը գրել էր այնպիսի հետաքրքիր ձևով, որ ամեն նախադասությունը կարդալիս շտապում էի անցնել մյուսին ու իմանալ շարունակությունը։ Այս նովելն ինձ ամենահոգեհարազատն էր միչև հիմա անցած բոլոր ստեղծագործություններից։

Գրիգոր Զահրապ «Կապիկը»

Ա 

Գառագեղ մը չէր աս, ոչ ալ առյուծ մը մեջինը: Մարդու հասակի բարձրությամբ վանդակ մը, որուն երկաթե ցանցին մեջ զետեղված թառին վրա՝ բարակ շղթայով կապված կապիկ մը կը խաղա առտվընե մինչև իրիկուն. դեմն ալ թռչունի փոքրիկ վանդակի մը մեջ թութակ մը, որուն խնդալե ճաթող մարդու քահքահը փողոցի անցորդները կկեցնե ու դրացի տղաքը դրան առջև կը հավաքե ամեն օր: Ամեն անգամ, որ այցելության կ’երթամ տանտիրոջ՝ որուն իշխանավայել հյուրասիրությունը, ազնվական օսմանցիի վարքը՝ զինքը ճանչցողները կգրավե, վայրկյան մը կանգ կ’առնեմ պարտեզին մեջ, ներս մտնելե առաջ, և թութակին աղմկալից խնդուքը, այս անհիմն ու անտեղի ուրախությունը, մարդոց շատերուն ուրախությանը պես, ինծի մտածել կուտա: Վայրկյան մըն ալ կկենամ կապիկին մոտ, իր ճարտար լարախաղացի մարզանքներուն կհետևիմ աչքովս, սուր և խելացի ակնարկը կը դիտեմ. իր ջղային, գերազանցապես ջղային արարածի տագնապներուն վրա կզմայլիմ: Հարկավ բան մը կպակսի անոր՝ կատարյալ մարդ ըլլալու համար. ի՞նչ արդյոք. ամեն պարագայի մեջ, պակսածը զգացումը չէ: Եվ ամեն անգամ որ ծանոթներու, հետաքրքիրներու հետ կ’անցնինք կդառնանք քովեն, միշտ բառ մը կփոխանակենք իր վրան, ո´րը՝ այն օրվան հնարած անոր մեկ խաղը կամ չարությունը կը պատմե. ո´րը՝ խելքին կամ զգացումին նոր մեկ վարձին վրա կը խոսի. օրվան… մարդն էր այս կապիկը Փրինքիփոյի մեջ:

Բ 

Տանը ծառաներեն զինքը խնամողներուն մեջ իր նախընտրածը սպասուհի մըն էր. persona grata-ն այս դժվարահաճ ու անհամբույր կենդանիին. պե՞տք էր արդյոք ավելցնել իսկույն, որ եկող գացող հյուրերուն ալ հաճելի էր այս ուժով լուսով աղջիկը որ Արշիպեղագոսի կղզյակեն մեկտեղ բերած էր՝ դրսեցիի առույգ ու աննենգ աղվորությանը հետ՝ նայադի մը վրդովիչ հրապույրը: Ծանոթներես նրբամիտ թյուրք օրագրող մը որ ինծի հետ այս տունը կհաճախեր, ու ինծի չափ այս կապիկին կյանքովը կը հետաքրքրվեր, տարօրինակ բաներ կպատմեր անոր վրա: – Կհավատա՞ս,- կ’ըսեր ինծի օր մը՝ խնդալով,- որ այս հեք կապիկը սիրահարած է տանը սպասուհիին, ապացույց՝ որ ճաշակի մեջ ալ մենե ետ չի մնար այս կենդանին. խել մը գիրքերու մեջ կարդացած եմ, որ Ամերիկայի օրանկութանները, հին ատեններու ասպետներուն պես, ճշմարիտ առևանգություններ և անվավեր ամուսնություններ կատարած են իրենց սիրած կիներով. չեմ զարմանար ուրեմն թե որ մեր կապիկն ալ Մարիղոն սիրե: Եվ իմ տարակուսական ձևիս վրա՝  – Հավտա´,- կ’ավելցներ բարեկամս,- որ իրողություն մըն է ըսածս. ես այս կենդանին ուսումնասիրելու վրա եմ. հիմար ու բուռն սիրո մը ապացույցները ունիմ, Ռոմեո և Ժյուլիեթի սեր մը: Իրոք, ամեն անգամ որ Մարիղոն կմոտենար կապիկին, դող կ’ելլեր անիկա, հրճվանքի սարսուռ մը կվազեր իր մազոտ մորթին վրա, աչքերը կը փայլեին. ցնորած, երջանկութենե արբշիռ էակի մը անկարգ ու անկապ բաները կ’ըներ, վայրկենական կերպով հլու և հնազանդ կդառնար, և սպասուհիին ձեռքին տակ կդներ փոքրիկ գլուխը, որ այնքան չարությամբ լեցուն էր ուրիշներուն համար. իր նիհար թաթիկը փայփայանքի մը մեղմությամբ ու անհուն հեշտության մը դողովը աղջկան դպցնել կ’ուզեր միշտ: Ասոնք և ասոնց նման հազար մանր ու չնչին բաներ այս սիրո տառապանքը կմատնեին, մինչդեռ թութակը, դեմեն, ծաղրանքի խլացուցիչ քրքիջով մը կծիծաղեր, իր հավիտենական հեգնությունը կդներ իր չզգացած այս ցավին ու կսկիծին վրա: 

Գ 

Քիչ-քիչ ճշմարիտ գայթակղության մը համեմատությունները առավ այս տարփանքը: Կապիկը կնախանձեր և սուր ակռաները կկճրտեցներ Մարիղոյին մոտեցող ու խոսող էրիկ մարդոց դեմ: Իր փոքրիկ բանտին վիզին փակչող նուրբ, բայց անփշրելի շղթային արտոնածին չափ՝ ցասմնակոծ ատելություն մը կհայտներ իր բոլոր ոսոխներուն դեմ և վախ կ’ազդեր: Այնքան որ հույն սպասուհին, իր կանացի բնազդովը, այս կաշկանդված անասունին վրա առաջ բերած տպավորութենեն կ’ամչնար, կպահվըտեր, և մյուս ծառաները կտանեին կերակուրը, որուն, կապիկը սրդողած հիմա, հազիվ կդպցներ իր շրթունքը. և այսպես օրերով իր զրկանքը այնքան հոժարությամբ հանձն կ’առներ, որ տերը անոր անոթութենե մեռնելեն կվախնար: Իր խոլ խաղերը, իր հիմար ոստումները դադրեր էին. ժամերով անկյուն մը սմքած կկենար ան որ հանգիստ ու դադար չէր գիտեր: Միայն՝ երբոր աղջիկը դիպվածով անցներ իր վանդակին քովեն, անսահման բերկրանքի խանդով մը կը ցատկեր տեղեն, կը քաշեր շղթան, կը դառնար, կ’ելևեջեր իր փոքրիկ տնակին մեջ: Օր մըն ալ Մարիղոն ձգեց գնաց բոլորովին և փոքրիկ կենդանին ալ իզուր սպասեց տեսնել՝ իր կապված, գամված անկյունեն՝ զգացված էակը, վայելքի պատկերը որուն իրավունք ունենալ կկարծեր: 

Դ 

Թղթախաղերնուս էն տաք մեկ վայրկյանին էր երբոր լուրը բերին. ամենքնիս իսկույն ձգեցինք ելանք խաղը, սա անհավատալի բանը աչքով տեսնելու համար: Փայտե թառին վրա ոլորված շղթային ծայրեն, որ այսպես կարճըցած հիմա՝ մինչև գետին չէր հասներ ա´լ, կապիկը կախված էր ուղղաձիգ և անշարժ. իր աջ թաթիկովը ուժով մը կսեղմեր դեռ, կարծես թե կփայփայեր, շղթան որ իր սրտահոժար մահվան գործիքը եղած էր. աչվըները գոց էին ու բոլոր դեմքին վրա, հարափոփոխ ու ծաղրածու դեմքին վրա, չեմ գիտեր ի´նչ ծանր ու լուրջ բան մը, որ այս մեռելի մանկական երեսին՝ ազատագրության մը՝ վերջնական փրկության ու հանգստի մը վեհությունը կու տար: Ի՞նչպես, ե՞րբ պատահեր էր ասիկա. պարզ դիպվա՞ծ արդյոք. և կապիկը, այնքան փորձ ու ճարտար, կարելի՞ էր որ մեկանց այնքան ապիկար եղած ըլլար՝ իր շղթային ոլորումներուն մեջ շնչահեղձ մնալու չափ: Ծառաները, որոնք սակայն ամենեն աղեկ կճանչնային այս կապիկը, հավաստեցին, թե անիկա կամովին սպաննած էր ինքզինքը, մարդոց շատերեն ավելի մեծ արհամարհանք մը ցուցնելով կյանքին:  Ու ես, զարմացած, դեռ կարծես կդիտեմ սա շղթային ծայրեն կախված փոքրիկ մարմինը, իր վար ծռած գլխովը, ու սա փոքրիկ թաթը որ վար չիյնալու համար շղթան բռներ է: Ժամերով պիտի կենայի ասանկ, թե որ թութակը հանկարծ իր խնդալե մարելու մոտ մարդու քահքահովը, որ կյանքն ու մահը չի զանազաներ, չգար զիս սթափեցնել:

Վանո Սիրադեղյան «Սիրելու տարիք» վերլուծություն

Պատվածքը հիմնականում կենտրոնացած է պատանիների հարաբերությունների և կռիվների վրա, սակայն ամեն ինչի արմատը սերն է, ինչի մասին, սակայն համարյա չի խոսվում։ Հերոսը սիրահարվել էր և պատրաստ էր նունիսկ կռվել միայնակ մի ամբողջ խմբի հետ հանուն իր սիրո։ Հենոյին՝ հերոսին կարելի է նկարագրել ինչպես նպատակասլաց, պնդաճակատ և նվիրական։ Հենոն ամեն իր քայլ անում էր, ասես իմանալով վստահորեն, որ կարողանալու է հաջողել։ Կարծում եմ, որ դա հենց ամենամեծ ոգեշնչումն է ստեղծագործության մեջ։ Ինչքան էլ, որ չի խոսվում Հենոյի զգացմունքների մասին, մեկ է մի բան հաստատ է։ Սերը օգնում է հասկանալ և ճանաչել ինքներս մեզ կարծում եմ, ոչ միայն պատանեկության ընթացքում ու հենց դա էլ այն դարձնում է ամենահետաքրքիր ու աննկարագրելի բաներից մեկը։

Նախագիծ․ Ավետիք Իսահակյան

Սիրեց իր հեռավոր ազգականին, այնուհետև՝ նրա քրոջը

1891 թվական, ապրիլ

Իսահակյանը վերադարձավ հայրենի Ալեքսանդրապոլ, որտեղ, բացի հայրենիքի կարոտի փարատումից ու մտերիմներից, նրան էր սպասում իր կյանքի մեծագույն, մի քիչ կործանարար ու անսահման արգասաբեր սերը: Նա Շուշանիկ Մատակյանն էր՝ Իսահակյանի հեռավոր ազգականուհին, մոր՝ Ալմաստի քրոջ թոռը: Մանուկ հասակում Ավետիքն ու Շուշանիկը հաճախ էին հանդիպել ընտանեկան խնջույքներին, ո՞վ գիտի, գուցե անգամ տունտունիկ էին խաղացել… թեև, ավելի շուտ՝ կռիվ-կռիվ:

1891 թվական, հունիս

Ավետիք Իսահակյանը հյուրընկալում է իր մորաքրոջ որդիներին, հենց նրանց՝ Կարապետ և Հովհաննես Կոստանյանների տանն էլ առաջին անգամ հանդիպում է նրան՝ այն միակին: Այս հանդիպման մասին տեղեկանում ենք հենց բանաստեղծի հուշագրություններից, Իսահակյանը գրում է՝
«Կ-ների տանը պատահեցա օր. Շ-ին, ողջունեցի և նստեցա մոտը, նա ասեղնագործությամբ էր պարապում, մեր քաղաքի բոլոր աղջիկներից ավելի սա է ինձ գրավում, չափազանց գեղեցիկ է. սև և կլոր աչքեր, վառվռուն և խելոք հայացք, վարդագույն շրթունք, դալկանար դեմք, պարզ, որոշ ձայն, այո, սա մի հրեշտակ է, մի գերբնական ոգի, մի մագնիս, որ քաշում է դեպի իրեն իմ սիրտն ու հոգին: Ես և նա երկար խոսեցինք աոանձին, մաքուր հայերեն էր խոսում: Նա երևի ինձ համակրեց. գոնե համակրանքի ցույցեր էր անում: Նա համակրում էր ճեմարանի շարժումը: Նա կամենում էր Սահականուշյան դպրոցի պես ինձ ստրկացնել յուր ազդեցությանը, րայց չհաջողվեց, ես գերազանցեցի: 0՜, նա խորամանկ է, փորձող է: Ա խ, չնաշխարհիկ Շ., դու գերեցիր ինձ… Որքան ես դյուրաթեք, շուտ խաբվող և ընկճվոդ եմ կուսական սրտի առաջ. ահա իմ բնավորության մի թույլ կողմն ել… Նա իսկապես «ջադու պառավ» է… Նա ինձ գերեց: Իմ սիրտը շատ րնդարձակ տարածություն է. «Մեծ է երկինք, մեծ է երկիր, սիրտս մեծ է հորանից», բոլորն էլ  կարող են նրա սիրաբողբոջ խորշերում ապաստան գտնել, դու էլ, սիրելի Շ., գրավիր նրա կենտրոնը»…

Այս հանդիպումը սկիզբ է տալիս մեկը մյուսից սիրուն, մեկը մյուսից սիրառատ սիրային բանաստեղծությունների: Իսահակյանի քնարերգությունը ամբողջովին զավթված էր Շուշանիկի կողմից: Շուշանիկը Իսահակյանի ամեն մի տողում էր: Եվ ահա 1891 թվականի օգոստոսին Իսահակյանը որոշում է տեղափոխվել Էջմիածին ու շարունակել ուսումը:

Բանաստեղծը ստանում է Շուշանիկի համաձայնությունն առ այն, որ նրանք նամակագրական կապ կպահեն: 1891-1893 թվականներին գրողի ու Շուշանիկի միջև չի դադարում նամակագրությունը, նամակների հաճախականությունից ու պարունակությունից կարելի է ենթադրել, որ աղջկա սրտում նույնպես զգացմունք էր ծագել: Շուշիկն իհարկե ավելի զուսպ էր իր սիրո արտահայտչամիջոցներում, սակայն փոխադարձությունը կարծես ուրվագծվում էր. ավելի ասել չենք կարող:

Նրանց հարաբերությունների հետագա զարգացումներին ծանոթանում ենք Իսահակյանի հուշագրություններից.

Պատմում էր գրողը՝

«Շուշիկն իմ հեռավոր ազգականներից էր: Զգացմունքների ամենաջերմ շրջանում մեր մեջ մի դատարկ բանի համար երեք ամիս հարաբերությունների խզում տեղի ունեցավ: Մինչև կվերականգնվեր մեր նախկին ջերմությունը, հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ ես մեկնեցի արտասահման սովորելու. դա 1893 թվականն էր: Դեռ նոր էի եկել Վիեննա ևընդունվել տեղի կայսերական մարդաբանական թանգարան, երբ նամակ ստացա քրոջիցս, որ Շուշիկն ամուսնացել է և իրենք էլ` քույրս ու մայրս, ներկա են եղել նրա հարսանեկան հանդեսին:Այս ծանր լուրը խիստ ազդեց վրաս: Դրա տպավորության տակ նույն օրը գրեցի «Դարդս լացեք» բանաստեղծությունը: Ինձ հոնգուր-հոնգուր լացացնող այդ անսիրտ մարդը հայտնի մանկավարժ Տեր-Միրաքյանն էր, ով նոր էր ավարտել Ենայի համալսարանը և վերադարձել Ալեքսանդրապոլ` պաշտոնավարելու ևամուսնանալու նպատակով: Շուշիկի ծնողները, շլացած այդ երիտասարդի դիրքից ու փայլից, սրտի ու ձեռքի առաջարկը չէին մերժել: Իսկ ես այն ժամանակ չուստերով, խունացած վերնաշապիկով մի տղա էր, ո՞վ էի նրա կողքին…Սակայն, արդարացի լինելու համար պետք է նշեմ, որ նա շատ լավ մարդ էր: Հստակ իմանալով նրա կնոջ հանդեպ իմ անհուն սիրո մասին, թույլ էր տալիս մեզ շփվել: Խոստովանեմ` ես ոչ մի դեպքում նման բան թույլ չէի տա: Միգուցե նա համոզված էր, որ Շուշիկը երբեք չի հեռանա նրանից ինձ համար: Այնուամենայնիվ, նրա կողքին իմ մեծ սերն իրեն երջանիկ էր զգում, և ես այլևս ոչ մի բարոյական իրավունք չունեի արտահայտել զգացմունքներս, առավել ևս` որևէ բանի հույս ունենալ: Հետագայում ես էլ ամուսնացա, կարող եմ նույնիսկ ասել, որ երջանիկ էի անձնական կյանքում: Չնայած Շուշիկին այդպես էլ չմոռացա, բայց կինս ինձ շատ է սիրում…»:

Իսահակյանը մի քիչ կնամոլի համբավ ուներ, շատերն էին խոսում նրա տարբեր սերերի մասին: Սակայն ի՞նչ էր դա, եթե ոչ փնտրտուք ու միակի տեղը լրացնելու միամիտ ցանկություն: Այսպիսով, Իսահակյանի հուշագրություններն ու նամականին վկայում են, որ թեև արդեն ամուսնացած, Իսահակյանը չի դադարում սիրել այն առաջինին՝ Շուշանիկին: Չի դադարում գրել նրա մասին, չի դադարում գրել նրան:

Իսահակյանը ևս մեկ անգամ է թակում Մատակյանների դուռը. այս անգամ նա փնտրում էր իր նոր սիրո առարկային՝ Աննային, Շուշանիկի քրոջը…

Արդեն հասցրել ենք տեղեկացնել, որ գրողը Շուշանիկի ընտանիքի հետ հեռավոր ազգակցական կապեր ուներ, ուստի անգամ Շուշիկի ամուսնությունից հետո շարունակում էր երբեմն-երբեմն այցելել նրանց: Հենց այդ նույն տանն էլ նա պարբերաբար տեսնում էր մեկ այլ գեղեցկուհու՝ Աննիկին:

Թեև սկզբում Աննան գրողի համար ուղղակի երեխա էր, սակայն ժամանակ անց նա սկսում է աղջկան նայել ուրիշ աչքով՝ իբրև մեկի, ում կարելի է սիրել: Բանաստեղծի՝ քաղաքից հեռանալու հետ մեկտեղ մեկնարկում է Իսահակյանի և Աննայի նամակագրությունը: Այն սկզբում ավելի բարեկամական բնույթ է կրում, թվում է՝ գրողը փորձում է ամեն կերպ զսպել իր զգացմունքը, սակայն ավելի ուշ այդ նամականին դառնում է միալար սիրո խոստովանություն:

«Ասա, ինչ կարող է անել սիրող սիրտը, ինչի առաջ կանգ կառնի սիրող սիրտը. Ես անկարելին կարելի կդարձնեմ քեզ համար, ես անմահության խնձորը կբերեմ քեզ համար, ես արևը, աստղերը, ամբողջ աշխարհը կնվիրեմ քեզ, ես իմ կյանքը կտամ քեզ: Ուրիշ ինչ ես ուզում, միթե այսուհետ կարող ես տատանվել, կասկածել դեպի ինձ…»,-գրում էր Իսահակյանն Աննային:

Գուցե իրականում Իսահակյանը Աննայի մեջ տեսնում էր նրա քրոջը՝ Շուշանիկին, գուցե հենց դա նկատելով էլ Աննան ընթացք չի տալիս այդ հարաբերություններին, ու դրանք այդպես էլ մնում են թղթերի վրա:

Նահապետ Քուչակ

Կենսագրություն 

Նահապետ Քուչակի ծնունդը ենթադրաբար դրվում է 1490-ական թվականների սկզբներին, իսկ մահը, համաձայն հայրենի գյուղի սուրբ Թեոդորոս եկեղեցու պատի տակ պահպանված շիրմաքարի արձանագրության, եղել է 1592 թվականին։ Այս ժամկետները լիովին համընկնում են իր հասակի մասին նրա թողած հիշատակարանի բովանդակությանը։

Ես Քուչակս եմ վանեցի,
Ի գեղէն Խառակոնիսայ,
Լըցեր եմ հարիւր տարին,
Էլ չի գար մտքիկս ի վերայ….

Քուչակի մասին միջնադարում ստեղծվել են տարբեր ավանդություններ։ Ըստ դրանցից մեկի՝ Քուչակն իր երգերի մոգական զորությամբ բուժել է թուրքական սուլթանի՝ անբուժելի հիվանդությամբ տառապող տիկնոջը, որի համար սուլթանը, Քուչակի ցանկությամբ, Կոստանդնուպոլսից մինչև Խառակոնիս կառուցել է տվել յոթ կամուրջ, յոթ եկեղեցի և յոթ մզկիթ։ Համաձայն մեկ ուրիշ ավանդության՝ Նահապետ Քուչակն իր համագյուղացիներին հրավիրում է գյուղի եկեղեցու մոտ, իսկ ինքը, բարձրանալով վանքի կատարը, ասում է, թե իրեն ցած է նետելու, որտեղ ընկնի, այնտեղ էլ թող թաղեն իրեն։ Գյուղացիները, կարծելով, թե նա կատակ է անում, չեն հավատում նրա խոսքին։ Իսկ նա իսկույն ցած է նետվում ու մեռնում։ Ընկած տեղն էլ՝ եկեղեցու պատի տակ, թաղում են նրան։ Հին գրչագրերում Քուչակի անունով պահպանվել է ինը բանաստեղծություն։ Ոչ մի ընդհանրություն չունեն միջնադարյան հայրենների հետ, որոնք, սկսած 1882 թվականից, որոշ հրատարակիչների ու գրականագետների կողմից, առանց որևէ լուրջ հիմնավորման, վերագրվում են Քուչակին։ Բացի այդ՝ դեռ չի հայտնաբերվել հայրեն պարունակող որևէ հին ձեռագիր, որում հայրենների որևէ շարքի հեղինակ վկայվի Նահապետ Քուչակը։

Ստեղծագործություններ

Նահապետ Քուչակի անունով գրավոր և բանավոր ավանդությամբ պահպանվել և առայժմ հայտնի են շուրջ մեկ տասնյակ կրոնական, բարոյախրատական և սիրային բովանդակությամբ աշուղական երգեր՝ հայերենով ու թուրքերենով, որոնցից յոթը՝ հայատառ թուրքերենով։ 1880-ական թվականներից թյուրիմացաբար Նահապետ Քուչակին են վերագրվել նաև միջնադարյան հայրենները։ Այդ վերագրումն սկսվել է բանասեր Ա. Տևկանցի «Հայերգ» գրքից (1882) և հետագայում դարձել է գրական ավանդույթ, որին հետևել են նաև ուրիշ բանասեր-գրականագետներ։ Թեև 1920-ական թվականներին Մ. Աբեղյանը ապացուցեց այդ վերագրման անհիմն լինելը, բայց հետագայում ևս Նահապետ Քուչակը համարվել է միջնադարյան հայրենների հեղինակ, նրա անունով են հրատարակվել և բազմաթիվ լեզուներով թարգմանվել այդ երգերը։ Այս իմաստով Նահապետ Քուչակը դարձել է պայմանական և հավաքական անուն, որով լայն շրջաններում հայտնի է հայ միջնադարյան քնարերգության այդ մեծ և հարուստ ժառանգությունը։ Պանդխտության հայրեններն ունեն ազգային-քաղաքական բովանդակություն և բացահայտում են օտար երկրում ապրուստ փնտրող հայ մարդու ծանր հոգեվիճակը։